Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի փաստաբանը ՀՀ նախագահից պահանջում է դադարեցնել դատավոր Գրիգորյանի լիազորություները  


Տիգրան Հայրապետյան, 1-ը օգոստոսի, 2017 թ․
Տիգրան Հայրապետյան, 1-ը օգոստոսի, 2017 թ․

Մի շարք ծանր հոդվածներով մեղադրվող ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր նամակ է հանձնել Հայաստանի նախագահին և արդարադատության խորհրդին՝ պահանջելով դադարեցնել դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները։

Հայրապետյանը Սեֆիլյանի գործը քննող դատավորին մեղադրում է անօրինական գործողությունների, մասնավորապես, իրեն և իր գործընկերներին առարկություններ, կարծիքներ հայտնելու իրավունքից զրկելու, ամբաստանյալներին տևական ժամանակով դատարանի դահլիճից հեռացնելու, կարգադրիչների զեկուցագրերի հիման փաստաբանների նկատմամբ անհարկի սանկցիաներ կիրառելու մեջ։

«Հիմա Տաթևիկ Գրիգորյանի մոտ նորամուծություն եղավ, նա էնպես սկսեց վարել դատական նիստերը, որ պաշտպանի մասնակցությունը դարձավ անկարևոր: Այսինքն Տաթևիկ Գրիգորյանի վարած դատական նիստերում պաշտպանը գրեթե ոչ մի գործառույթ չունի: Տեսեք՝ օրենքն իրավունք է տալիս պաշպանին՝ դատարանում քննարկվող ցանկացած հարցի վերաբերյալ հայտնել իր կարծիքը: Օրենքը թույլ է տալիս ցանկացած նախագահող դատարանի անօրինական գործողությունների դեմ ցանկացած պահի առարկություն ներկայացնել: Առարկել վարման կարգի հետ կապված, կայացված որոշումների հետ կապված»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրան Հայրապետյանը:

Սերժ Սարգսյանին և արդարադատության խորհրդին հղած նամակում Տիգրան Հայրապետյանը նշում է՝ անցած մի քանի դատական նիստերի ընթացքում դատավորը դատական նիստերից հեռացրել է ամբաստանյալներին և նրանց փաստաբաններին։ Հիշեցնենք՝ Սեֆիլյանն ու մյուսները դահլիճից հեռացվել են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, մասնավորապես, ոտքի չկանգնելու հիմնավորմամբ։ Այս դեպքում, ինչպես պնդում է Սեֆիլյանի պաշտպանը, դատավորը պարտավոր էր Սեֆիլյանից ճշտել պատճառները, հետո միայն հեռացնել։

«Դրա համար անձին զրկել նիստերից, երբ որոշվում են նրա կյանքի հետագա տարիների, ճակատագրի հետ կապված հարցեր, բնականաբար՝ սա կոպիտ խախտում է: Եվ այն պայմաններում, երբ առաջին երկու նիստերին կանգնել-չկանգնելու որևէ խնդիր չկար»,- շարունակեց փաստաբանը:

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ դրանք կապելով իր քաղաքական գործունեության հետ:

Այս գործով 7 մեղադրյալ է անցնում, այդ թվում՝ «տոնածառի գործով» երկու տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը, որը մեղադրվում է 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը արձանագրում է՝ «Սասնա ծռերի» գործով դատական նիստերը կապ չունեն արդարադատության հետ, դրանք վերածվել են «ծաղրուծանակի», որի ականատեսն են դառնում նաև միջազգային կառույցները։ «Քանի որ հանրապետության նախագահը, Հայաստանի հանրապետության արդարադատության երաշխավորը Սերժ Սարգսյանն է, ես կհորդորեի նրան՝ կարգի բերել այս իրավիճակը, որը ծիծաղելի է»,- «Ազատությանն» ասաց իրավապաշտպանը:

Ժաննա Ալեքսանյանի ղեկավարած «Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպությունը միացել է մոտ 20 այլ հասարակական կազմակերպությունների բաց նամակին, որտեղ նրանք իրենց մտահոգությունն են հայտնում մի քանի աղմկահարույց գործերով փաստաբանների գործունեությունը խոչընդոտելու առնչությամբ:

Քաղհասարակության ներկայացուցիչները ոստիկանությունից պահանջում են «դադարեցնել ցանկացած տեսակի միջամտությունը փաստաբանների մասնագիտական գործունեությանը, ինչպես նաև հարուցել քրեական գործեր խոչընդոտման և բռնության գործադրման բոլոր դեպքերով»։ Մյուս պահանջն ուղղված է դատական դեպարտամենտին՝ «դադարեցնել փաստաբանների կամայական և անօրինական խուզարկությունները, իսկ հանրային անվտանգության միջոցառումները կազմակերպել օրենքով սահմանված կարգով»։

Երրորդ պահանջով քաղհասարակության ներկայացուցիչները դիմում են Փաստաբանների պալատին՝ «հորդորելով ստանձնել փաստաբանների շահերի պաշտպանության առավել գործուն և անկախ դեր՝ մանրամասն քննելով կարգապահական պատասխանատվության վերաբերյալ ներկայացրած բոլոր դիմումների հիմանավորվածությունն ու իրավաչափությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG