Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի գործով կալանավոր. «Ինձ ստիպում են ցուցմունք տալ Սեֆիլյանի դեմ»


Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Արթուր Մովսիսյանը հայտարարում է, որ իրեն կալանքի տակ պահելով իրավապահները ստիպում են ցուցմունքներ տալ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդի դեմ:

«Անհիմն կերպով պահում են, փորձում են, որ ես ցուցմունք տամ Ժիրայր Սեֆիլյանի դեմ։ Թե չէ, ինձ ֆիզիկապես ոչ մի բան չեն ճնշում, հոգեբանորեն է», - հայտարարեց Արթուր Մովսիսյանը։

Մովսիսյանի գործն առանձնացվել է Սեֆիլյանի գործից, Կոտայքի մարզի դատարանում այսօր մեկնարկեց դատաքննությունը։

Ըստ մեղադրանքի, նպատակ ունենալով զավթել ռազմական նշանակության շենք-շինություններ, Արթուր Մովսիսյանը 2015-ի նոյեմբերից մինչև 2016-ի մայիս ընդգրկված է եղել Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի կազմում և իր բնակարանում թաքցրել է հրազեն ու ռազմամթերք։ Մոտ 4-5 էջանոց մեղադրական եզրակացությունը ընթերցելիս դատախազն այսօր ընդամենը երկու անգամ հիշատակեց Մովսիսյանի անունը, վերջինս էլ հայտարարեց, որ գործն ամբողջությամբ շինծու է։

Արթուր Մովսիսյանը հայաստանցի իրավապահների պահանջով՝ անցյալ տարվա նոյեմբերին կալանավորվել էր Մոսկվայում և 6 ամիս հետո միայն տեղափոխվել Երևան։ Մովսիսյան այսօր հայտարարեց, որ անձնապես չի ճանաչում ժիրայր Սեֆիլյանին և չէր էլ կարող ընդգրկվել ենթադրյալ զինված խմբի կազմում, քանի որ այդ ժամանակ Հայաստանում չի եղել։

«Պարոն դատավոր, նույն հաջողությամբ, հիմա ես Վենեսուելայի հեղափոխությանը մասնակցում եմ ստեղից», - ասաց Մովսիսյանը։

Մովսիսյանը մոտ մեկ տարի է զրկված է հարազատների հետ տեսակցությունից ու արտաքին աշխարհի հետ կապից, դատախազն այսօր հայտարարեց, թե պատճառը Սեֆիլյանի ստեղծած զինված խմբավորման բոլոր անդամներին չհայտնաբերելն է։

Հիշեցնենք, ըստ Սեֆիլյանի մեղադրանքի, նա ստեղծել է 200-300 հոգանոց զինված խմբավորումներ, նրանցից, սակայն, միայն յոթ անձ է հայտնաբերվել՝ որոնց թվում է նաև Արթուր Մովսիսյանը։ Նրա պաշտպան Արա Պապիկյանն այսօր դատարանին միջնորդեց վերացնել տեսակցությունների արգելքը։

«Պետությունն իր անզորություննն ինչո՞ւ է քողարկում Արթուրի տեսակցությունները սահմանափակելով, անտրամաբանական է, հարգելի դատարան, սա պատճառ չի կարող լինել, պետությունը, եթե ինքը չի կարողանում գործ անել, դա դեռ չի նշանակում, որ մենք դրա համար պատասխան պետք է տանք, ինչը Արթուր Մովսիսյանի դեպքում է՝ վկա կա գործով անցնող, որը իր որդին է, հետո ինչ, վկան կա, ցուցմունքը կա, գործի մեջ դրված է, մեղադրանքի մեջ դրված է», - հայտարարեց Պապիկյանը։

Նախագահող դատավորը բավարարեց պաշտպանի միջնորդությունը մասնակի բավարարեց և վերացրեց Մովսիսյանի հետ տեսակցությունների և կապի արգելքը ընտանիքի անդամների հետ։

Պաշտպանական կողմը հայտարարեց՝ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է Սեֆիլյանի ու մյուսների գործը քննվում Երևանի դատարանում, իսկ Մովսիսյանինը՝ Կոտայքի մարզում:

Փաստաբանն այսօր միջնորդեց նույն դատարանում քննել այս երկու գործերը՝ նշելով, որ Սեֆիլյանը Մովսիսյանի գործով անգամ որպես վկա չի անցնում: Միջնորդությունը մերժվեց, հաջորդ նիստը կկայանա մեկ շաբաթից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG