Ըստ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի, սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից որևէ բան ակնկալել անիմաստ է։
«Այն պատկերը, որ ներկայացվեց մեր դիտողին, մեր լսարանին, թերևս որևէ լավատեսության հիմք չի տալիս, որ մենք սպասենք, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում որևէ պայմանավորվածություն կարող է լինել, կամ որևէ քննարկում կարող է լինել՝ բովանդակային կարգավորման առումով։ Սպասել որևէ բանի անիմաստ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Ադրբեջանն, ըստ Սաֆարյանի, հրաշալի հասկանում է, որ այս հանդիպումը որևէ բան չի տալու։
«Ադրբեջանն ինքն էլ հրաշալի հասկանում է, որ այս հանդիպումը որևէ բան չի տալու և որևէ կերպ իր շահերն առաջ չի մղելու։ Եվ այն, ինչ արեց Տավուշում հանդիպման նախօրեին, հերթական անգամ միջազգային հանրությանը, հայկական կողմին շանտաժի ենթարկելու, սեփական դիրքերը բարելավելու փորձ էր։ Անկեղծ ասած, մի փոքր դժվար է պատկերացնել՝ Ալիևը շատ դեպքերում անում է բաներ, որոնք, մեր կարծիքով, միգուցե, այնքան էլ չեն բարելավում իր դիրքերը, բայց, համենայն դեպս, ինքն այդպես չի մտածում, ինքը մտածում է, որ կարելի է հայկական կողմի աչքը վախեցնել, կարելի է միջազգային կառույցների աչքը վախեցնել, հատկապես, երբ այսօր փաստացի երևանյան միակ գրասենյակը՝ ԵԱՀԿ-ն, արդեն բացարձակապես գոյություն չի ունենալու, և թերևս իր վերաբերմունք է արտահայտում ընդհանուր ԵԱՀԿ գործունեության նկատմամբ», - ասաց Սաֆարյանը՝ շարունակելով. - «Այս կտրվածքով՝ քանի որ ունի հիասթափություններ և գիտի, որ ունենալու է այդ հիասթափությունները և ստիպված է լինելու, կամ խաղալու է այդ դաշտում և արտահայտելու է իր հիասթափությունները, բնականաբար հասկանանք, որ նա շատ դեպքերում այդ հիասթափության արտահայտումն օգտագործում է` արդարացնելու համար որևէ ուժային եղանակով խնդիրը լուծելու որևէ փորձ, բնականաբար կարող է հայտարարել` «դուք հերթական անգամ համոզեցիք, մենք փորձեցինք, Նյու Յորքում հանդիպեցինք, բայց ոչինչ չի ստացվում, հետևաբար մեզ ոչինչ չի մնում, քան ուժի եղանակով խնդիրը լուծել»։
Սաֆարյանը նաև փորձագետների, քաղաքական շրջանակների, լրատվամիջոցների ուշադրությունն է հրավիրում սեպտեմբերի 25-ին սպասվող քրդական ինքնավարության հանրաքվեի վրա։
«Ալիևը հասկանում է, որ ևս մեկ նախադեպ է ավելանում որոշման անջատողականության, ըստ որում, եկեք ուշադրություն դարձնենք՝ մի երկրում, որը կիսառազմական վիճակում է», - ասաց քաղաքագետը։
Նշենք, որ սեպտեմբերին Նյու Յորքում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, իսկ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում սպասվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը: Օրակարգում ղարաբաղյան հակամարտությունն է և տարածաշրջանային խաղաղությունը: