Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ մոնիթորինգի ընթացքում ադրբեջանական կողմից կրակ է բացվել Չինարիի ուղղությամբ. ՊՆ խոսնակ


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

ԵԱՀԿ դիտորդական խումբն այսօր երկար ժամանակ չի կարողացել դիտարկում իրականացնել Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ, «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը կրակ է բացել խմբի ուղղությամբ։ Վիրավորներ չկան։

«Այսօր Չինարիի հատվածում խումբն իրականացրել է դիտարկում, Կասպշիկն [ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկ] անձամբ մասնակցել է, և այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կրակել են մոնիթորինգի խմբի վրա՝ գյուղի՝ Չինարիի ուղղությամբ։ Ահագին ժամանակ չի կարողացել մոնիթորինգի խումբն իր գործառույթն իրականացնել», - նշեց Հովհաննիսյանը:

Այդ մասին Թվիթերի իր էջում գրառում է կատարել նաև Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

«Ադրբեջանական զինված ուժերը ԵԱՀԿ դիտարկման ժամանակ կրակ են բացել Հայաստանի պետական սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ», - գրել է Բալայանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ արձագանքել է Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակի գրառմանը՝ հայտարարելով, թե դա ապատեղեկատվություն է:

«Հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել նաև մոնիթորինգին մասնակցող միջազգային դիտորդական առաքելության կողմից», - ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը:

Ավելին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե միջադեպը սադրանք է սեպտեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ։

Տիգրան Բալայանի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձում է տապալել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը։

«Եղել են դեպքեր, երբ Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվել է և իրենց առաջնային դիրքեր չի հանել ԵԱՀԿ դիտորդներին, եղել են դեպքեր, որ կրակոցներ են հնչել: Այսօր էլ բացառություն չէ», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ խոսնակը: - «Մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է կրկին լարել իրավիճակը»:

Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն այս պահի դրությամբ միջադեպին չի անդրադարձել: Հայաստանի արտգործնախարարի խոսնակի փոխանցմամբ՝ Կասպրշիկն անձամբ է լսել, թե որ կողմից են կրակոցները։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը արտառոց է համարում տեղի ունեցածը։ Ասում է՝ ստեղծված իրավիճակում լավագույն ելքը կլինի այն, որ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարությամբ հանդես գա՝ հերքելով կամ հաստատելով որևէ կողմի հայտարարությունը։

«Դիտարկում իրականացնող խմբի անդամները, թերևս, լավագույնս կարող են վկայել տեղի ունեցածի մասին և, իմ կարծիքով, նաև Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը պետք է պահանջի հստակություն մտցնել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG