Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր ցավակցական գիր է հղել Իսպանիայի Ֆելիպե վեցերորդ թագավորին` օգոստոսի 17-ին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Վեհափառը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հավատացյալների և հոգևոր դասի անունից վշտակցություն է հայտնել Իսպանիայի թագավորին, իշխանություններին և բարեսեր ժողովրդին:
«Դատապարտելով Աստծո արարածի կյանքի դեմ այսօրինակ հանցավոր ոտնձգությունը` մեր աղոթքն ենք մատուցում Երկնավորին` զոհվածների հոգիների խաղաղության ու հանգստության և տուժածների շուտափույթ ապաքինման համար: Մեր զորակցությունը հայտնելով Ձեզ և Իսպանիայի բարեկամ մեր ժողովրդին` ի սրտե մաղթում ենք Բարձրյալն Աստծո հովանին և օրհնությունը` հաղթահարելու այս չարիքը և վերականգնելու Իսպանիայի խաղաղ ու բնականոն կյանքը», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցագրում: