Ըստ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի, Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հեռանալ իշխանությունից: Այս ուղղությամբ «նախապատրաստությունները ընթացքի մեջ են», - «Ազատության» հետ զրույցում նշեց քաղաքագետը:
«Ես կարծում եմ, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը շատ կարճատև ընթացքում չի լինի իշխանության ղեկին, բայց 2019 թվականին, կարծում եմ, կնախընտրի վերադառնալ վարչապետի պաշտոնին», - ասաց Սաֆարյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ի ապրիլին անմիջապես չի հեռանա իշխանությունից, այլ ժամանակի ընթացքում կսկսեն հանրային կարծիք ձևավորել, որ նա այլևս որպես վարչապետ չի կարողանում կատարել իր պարտականությունները։
«Որ չի կարողանում ներգրավել օտարերկրյա ներդրումներ, որ չի կարողանում հաղթահարել արտագաղթը, որ չի կարողանում երկրի սոցիալտնտեսական ցուցանիշները բարելավել, և հետևաբար երկրում կա ընդամենը մեկ մարդ՝ դա Սերժ Սարգսյանն է, հետևաբար նա պետք է գլխավորի կառավարությունը», - ասաց Սաֆարյանը՝ շարունակելով. - «Կարծում եմ՝ այս քարոզչությունը մենք դեռ կտեսնենք, բայց դրա հիմքերը այս շրջանում են ստեղծվել, երբ Gallup-ի հարցումներ են հրապարակվում, թե Կարեն Կարապետյանի հանրային վստահության մակարդակը և հեղինակությունը իջել է»։
Հայաստանում սահմանադրական փոփոխություններով, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի համար հնարավորություն է ստեղծվել 2018 թվականի ապրիլի 9-ից՝ իր նախագահական լիազորությունների ավարտից հետո էլ շարունակել ղեկավարել երկիրը իբրև վարչապետ՝ փաստացի երրորդ անգամ ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.