Մատչելիության հղումներ

Վարոսյան. «Այլ տարբերակ չունենք՝ կփորձենք գործադուլ իրականացնել»


Փաստաբան Երվանդ Վարոսյանը կողմ է փաստաբան Տիգրան Աթանեսյանի՝ 3 օրով նախազգուշացնող գործադուլ հայտարարելու առաջարկին։

Հիշեցնենք՝ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ փաստաբանները 3 օրով նախազգուշացնող գործադուլ պետք է հայտարարեն՝ պահանջելով «անմիջապես դադարեցնել զննության-խուզարկության «նորաձև» պրակտիկան բոլոր դատարաններում»:

«Համոզված եմ, որ յուրաքանչյուր փաստաբանի համար ստորացուցիչ է ենթարկվել անպատճառ և անօրինական զննության/խուզարկության պահանջներին դատարանների շենքերում: Դա լի է բազում բացասական հետևանքներով, այդ թվում՝ մեր մասնագիտության կատարյալ հեղինակազրկմամբ հանրության աչքերում: Գտնում եմ, որ փաստաբանները, ընդգծում եմ՝ փաստաբանները, այլ ոչ թե արտոնագիրը տունը գցած, պահած անտարբեր մարդիկ, պետք է հայտարարեն նախազգուշացնող գործադուլ 3 օրով՝ պահանջելով անմիջապես դադարեցնել զննության-խուզարկության «նորաձև» պրակտիկան Հայաստանի բոլոր դատարաններում», - մասնավորապես գրել էր Աթանեսյանը։

Վարոսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այլ տարբերակ չունեն՝ կփորձեն գործադուլ իրականացնել։

«Փաստաբանների պալատը, ես վստահ եմ, այդ հարցում կրավորական դիրք կընդունի, իսկ մենք բոլորս, կներեք, զբաղված ենք նաև մեր անձնական գործերով՝ փաստաբաններ ենք գործով, և ժամանակ հատկացնել նման բաների կազմակերպմանը՝ մենք պետք է ի հաշիվ մեր անձնականի դա անենք, բայց կանենք, քանի որ դանակը հասել է ոսկորին, և այլ տարբերակ մենք պարզապես չունենք», - նշեց նա:

Հարցին, թե Փաստաբանների պալատում այլախոհներով շա՞տ են, Վարոսյանը պատասխանեց. - «Թիվ չեմ կարող ասել, բայց ես համոզված եմ, որ ավելի շատ ենք, քան պետք է որ լինեինք՝ հաշվի առնելով Պալատում առկա վարչական ռեսուրսի օգտագործումն ու առկա ռեպրեսիաները։ Առկա իրավիճակում շատ ավելի շատ ենք, քան պետք է լինեինք»։

Վարոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG