Մատչելիության հղումներ

Թրամփը Վիրջինիայում բռնությունների համար մեղադրում է երկու կողմերին


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանում է լրագրողների հարցերին, Նյու Յորք, 15-ը օգոստոսի, 2017թ․

Ռասիզմը միանշանակ դատապարտելուց, այն չարիք որակելուց մեկ օր անց՝ երեկ, Միացյալ Նահանգների նախագահը կրկին պնդել է, թե անցած շաբաթավերջին Վիրջինիայում տեղի ունեցած բախումների համար մեղավոր են երկու կողմերն էլ: «Միջադեպի ոչ բոլոր մանրամասներն են հայտնի, սակայն հստակ է, որ ուժ կիրառվել է թե՛ աջերի, թե՛ ձախերի կողմից», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Ես ուշադիր դիտել եմ Շարլոթսվիլի կադրերը, ավելի ուշադիր, քան դուք: Մի կողմում խումբ էր, որը վատն է, սակայն մյուս կողմն էլ էր դաժանություն դրսևորում: Որևէ մեկը չի ուզում խոսել այդ մասին, սակայն ես կասեմ ուղիղ՝ մյուս կողմը եկել էր առանց թույլտվության և նրանք շատ, շատ դաժան էին», - ասել է Դոնալդ Թրամփը:

Դատապարտելով սպիտակ ազգայնականներին ու նեոֆաշիստներին՝ Թրամփը միաժամամանակ պնդել է, թե հակառակ ճամբարում ևս ոչ բոլորն էին այդ օրը խաղաղասեր՝ ոմանք անկարգություններ էին հրահրում և եկել էին նախապես զինված:

«Այնտեղ կային ձախակողմյան հայացքներ դավանողներ, ինչպես դուք եք նշում, որ եկել էին դաժանաբար հարձակվելու մյուս խմբի վրա: Եվ ես կարծում եմ, որ երկու կողմն էլ մեղավոր են, կասկած չունեմ դրանում, և դուք էլ պիտի կասկած չունենաք, և հաղորդեք այդ մասին, եթե ուզում եք ճշգրիտ լինել», - նշել է ԱՄՆ նախագահը:

Բախումները պատկերող տեսանյութերում երևում է, որ երկու կողմից էլ ցուցարարները զինված են և միմյանց հարվածներ են հասցնում բեյսբոլի մականներով ու վահաններով։ Արյունալի միջադեպից հետո, որի ընթացքում մեկ կին զոհվել է, 19 մարդ՝ վիրավորվել, Դոնալդ Թրամփը խուսափել էր ռասիստների հասցեին ուղիղ և միանշանակ քննադատությունից՝ պնդելով, թե բռնության համար մեղավոր են «շատ կողմեր»: Ընդդիմախոսների բուռն քննադատությունից հետո՝ այս շաբաթվա սկզբին, Թրամփը խստացրել էր դիրքորոշումը և դատապարտել էր սպիտակ ազգայնականներին: «Ռասիզմը չարիք է, և նրանք, ովքեր հանուն այդ գաղափարախոսության անկարգություններ են հրահրում՝ Կու-Կլուքս-Կլանը, նեոնացիստները, «սյուպրեմասիստները», նողկալի մարդասպաններ են և հանցագործներ, նրանց համար գարշելի է այն ամենը, ինչ մենք՝ ամերիկացիներս, արժեք ենք համարում», - հայտարարել էր նա:

Երեկ պատասխանելով հարցին, թե որն էր դատապարտող հայտարարությունը այդչափ ուշ տարածելու պատճառը, Թրամփը պնդել է՝ անհրաժեշտ էր փաստերն ուսումնասիրել: Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը իր համերաշխությունն է հայտնել ցուցարարներին, որոնք դեմ են ամերիկյան քաղաքացիական պատերազմում Կոնֆեդերացիայի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Ռոբերտ Լիի արձանը ապամոնտաժելու՝ Շարլոթսվիլի իշխանությունների որոշմանը: «Այսօր՝ գեներալ Լին, վաղը՝ Ջորջ Վաշինգտոնը», - հարց է բարձրացրել ԱՄՆ նախագահը՝ հիշեցնելով, որ Ամերիկայի հիմնադիր հայրերը ևս ժամանակին ստրուկներ են ունեցել. - «Ջորջ Վաշինգտոնը ստրկատեր էր, հիմա ինչ, նա պետք է կորցնի՞ իր կարգավիճակը, արդյո՞ք մենք պատրաստվում ենք հանել նրա արձանները: Ի՞նչ կասեք Թոմաս Ջեֆերսոնի մասին, համակրո՞ւմ եք նրան, շատ լավ, իսկ ի՞նչ կասեք՝ արդյո՞ք մենք պետք է նաև նրա արձանը հանենք, չէ՞ որ Ջեֆերսոնն էլ ստրկատեր էր»:

Նախագահ Թրամփի վերջին հայտարարություններին հետևել է Կու-Կլուքս-Կլանի նախկին առաջնորդ, սպիտակ ազգայնական Դեյվիդ Դյուկի դրական արձագանքը: «Շնորհակալ եմ Ձեզ, նախագա՛հ Թրամփ, ճշմարտությունն ասելու Ձեր անկեղծության ու խիզախության համար», - գրել է ռասիստական հայացքներով հայտնի գործիչը Թվիթերում:

Թրամփի ընդդիմախոս դեմոկրատներն ու անգամ կուսակից հանրապետականներից շատերը, մինչդեռ, շտապել են քննադատել:

«Շարլոթսվիլի բռնությունը մեկ կողմից էր հրահրված՝ սպիտակ սյուպրեմասիստների, որոնք տարածում են ռասիզմ, անհանդուրժողականություն և բռնություն՝ սրանք են փաստերը», - Թվիթերում գրել է Վիրջինիայից ընտրված սենատոր, դեմոկրատ Թիմ Քեյնը:

«Մենք պետք է հստակ լինենք, սպիտակների առավելության գաղափարախոսությունը գարշելի է, այս մոլեռանդությունը հակասում է այն ամենին, ինչ արժեքավոր է այս երկրի համար, և այս հարցում չպետք է երկիմաստություն լինի», - իր հերթին, Թվիթերում գրել է Թրամփի կուսակից, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG