Մատչելիության հղումներ

Թրամփ. «Ռասիստները նողկալի մարդասպաններ են և հանցագործներ»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտում է Շարլոտեսվիլ ավանում տեղի ունեցած անկարգությունները, Սպիտակ տուն, Վաշինգթոն, 14 օգոստոսի, 2017թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտում է Շարլոտեսվիլ ավանում տեղի ունեցած անկարգությունները, Սպիտակ տուն, Վաշինգթոն, 14 օգոստոսի, 2017թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ խստորեն դատապարտել է ռասիզմը: Նա այդ մասին խոսել է Վիրջինիայի նահանգում 32-ամյա Հիթեր Հեյերի սպանության կապակցությամբ:

Հեյերը օգոստոսի 12-ին Շարլոտեսվիլ ավանում մասնակցել է սպիտակամորթների առավելության գաղափաի ջատագովների դեմ ցույցին, որի ընթացքում մի երիտասարդ «սյուպրեմասիստ» (ռասիստ) մեքենան ուղղել է ռասայական խտրականությունը դատապարտող մարդկանց խմբի վրա:

Միտումնավոր վրաերթի հետևանքով կինը տեղում մահացել է, իսկ ևս 19 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վրաերթ կատարած անձին ձերբակալել են և ներկայացրել են սպանության մեղադրանք:

«Ռասիզմը չարիք է, և նրանք, ովքեր հանուն այդ գաղափարախոսության անկարգություններ են հրահրում՝ Կու-Կլուքս-Կլանը, նեոնացիստները, «սյուպրեմասիստները»՝ նողկալի մարդասպաններ են և հանցագործներ, նրանց համար գարշանք է այն ամենն, ինչ մենք՝ ամերիկացիներս, արժեք ենք համարում»,- ասել է Թրամփը:

Նախագահը շաբաթավերջին քննադատության է ենթարկվել, քանի որ այդ բախումների վերաբերյալ իր առաջին հայտարարությունում հստակ չի դատապարտել ծայրահեղականության երևույթը:

Մինչդեռ, ամերիկյան որոշ ավաններում շարունակվում են աջակողմյան խմբավորումների և ռասիզմը դատապարտողմերի բախումները:

Ինքը Թրամփը նույնպես բողոքի ակցիայի թիրախ է դարձել: Հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա երեկ առաջին անգամ վերադարձել է իր հայրենի Նյու Յորք՝ Մանհեթենի թաղամաս, որտեղ Trump Tower երկնաքերի մոտ հազարավոր մարդիկ նրան դիմավորել են «Ամո՛թ» վանկարկումներով և «Վե՛րջ ատելությանը», «Վե՛րջ ստերին», «Իմպիչմենտ» գրությամբ պաստառներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG