ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարել է, որ Իրանը փորձում է «աշխարհը պատանդ պահել»՝ սպառնալով հրաժարվել 2015-ի միջուկային համաձայնագրից:
Արձագանքելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նախազգուշացմանը, որ եթե Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ շարունակի «պատժամիջոցների ու հարկադրանքի» քաղաքականությունը, ապա Իրանը ժամերի ընթացքում դուրս կգա միջուկային համաձայնագրից, Նիքի Հեյլին շեշտել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները կապված չեն միջուկային գործարքի հետ, և Թեհրանը պետք է պատասխանատվություն ստանձնի «իր հրթիռների գործարկման, ահաբեկչությանը աջակցության, մարդու իրավունքների ոտնահարման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտումների համար»:
«Չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային գործարքը օգտագործի աշխարհը պատանդ պահելու համար», - հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը:
Հիշեցնենք, 2015 թվականի հուլիսի 14-ին վեց գերտերությունների հետ կնքած համաձայնագրով Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագրերը՝ միջազգային պատժամիջոցների վերացման դիմաց: