Մատչելիության հղումներ

Ռոհանի․ Իրանը դուրս կգա միջուկային համաձայնագրից, եթե ԱՄՆ-ը շարունակի հարկադրանքի քաղաքականությունը


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում խորհրդարանում, Թեհրան, 15-ը օգոստոսի, 2017թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ շարունակի «պատժամիջոցների ու հարկադրանքի» քաղաքականությունը, ապա Իրանը ժամերի ընթացքում դուրս կգա միջուկային համաձայնագրից:

Ռոհանին խոսել է Իրանի խորհրդարանում: Պատգամավորներին ուղղված ելույթում նա նաև քննադատել է Վաշինգտոնին:

«Իրանը շատ կարճ ժամանակում՝ ոչ թե մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա, այլ մի քանի ժամվա ընթացքում կվերսկսի իր նախկին դիրքից, և այս անգամ շատ ավելի խիստ ձևով, քան բանակցություններից առաջ», - ասել է Իրանի նախագահը:

Ռոհանին քննադատել է Միացյալ Նահանգներին՝ ասելով, թե վերջին ամիսներին ամբողջ աշխարհը ականատես է, որ Դոնալդ Թրամփի նախագահությամբ Ամերիկան խախտում է ոչ միայն միջուկային համաձայնագիրը, այլ նաև ուրիշ պայմանագրեր՝ Փարիզի համաձայնագիրը, Կուբայի հետ պայմանագիրը, Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի պայմանագիրը, Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության պայմանագիրը: «Դաշնակիցները տեսնում են, որ ԱՄՆ-ը լավ գործընկեր չէ, և ոչ էլ՝ բանակցային հուսալի կողմ», - Իրանի խորհրդարանում հայտարարել է վերջերս վերընտրված Հասան Ռոհանին: Իրանի նախագահի պաշտոնը երկրորդ անգամ նա ստանձնել է 10 օր առաջ՝ օգոստոսի 5-ին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատ վատ գործարք էր համարել Բարաք Օբամայի նախագահության օրոք նախորդ վարչակազմի և Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնությունը: Երկարատև բանակցությունների արդյունքում 2015 թվականի հուլիսի 14-ին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց Իրանի և աշխարհի վեց գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև: Այդ համաձայնագրի հիմնական իմաստն այն է, որ Իրանը սահմանափակում է միջուկային ծրագրերը, Արևմուտքը համոզվում է, որ Թեհրանը ատոմային զենք ստեղծելու քայլեր չի կատարում և վերացնում է Իրանի դեմ երկար ժամանակ կիրառվող խիստ պատժամիջոցները:

Սակայն Դոնալդ Թրամփը դա շատ վատ գործարք է համարում, Թեհրանը, իր հերթին, համաձայնագրի ստորագրումից հետո բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացրեց՝ առիթ տալով նոր պատժամիջոցների:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր վերջին հայտարարության նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հաղորդագրություններում նշվում է, որ նրանք քննարկել են երկկողմ համագործակցությունը՝ այդ թվում էներգետիկ և տրանսպորտի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև միջազգային որոշ հարցեր:

Փորձագիտական շրջանակներում կարծում են, որ չնայած Ռոհանիի հայտարարություններին՝ Թեհրանին ձեռնտու չէ խզել աշխարհի գերտերությունների հետ համաձայնագիրը, և Թեհրանը այդ քայլին չի գնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG