Մատչելիության հղումներ

Հայաստանը ԵՏՄ վարչապետների հանդիպմանը բարձրացրել է վարորդական իրավունքների ճանաչման հարցը


Ղազախստան - Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները, Աստանա, 14-ը օգոստոսի, 2017թ․
Ղազախստան - Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները, Աստանա, 14-ը օգոստոսի, 2017թ․

Երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը բարձրացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների տարածքում ազգային վարորդական իրավունքների ճանաչման հարցը։

Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևը Եվրասիական միության վարչապետների հավաքից հետո հայտարարել է, թե հարցը քննարկվել է, և հաշվի առնելով, թե ինչ կարծիքներ են հնչել, կարելի է ենթադրել, որ նման որոշում կընդունվի արդեն առաջիկայում։ Համենայն դեպս, վարչապետները համապատասխան հանձնարարականներ են տվել՝ պարտավորվելով քայլեր ձեռնարկել խնդիրը կարգավորելու համար։

Հիշեցնենք, այս տարվա հունիսի 1-ից ռուսաստանյան ընկերություններին օրենքով արգելվել է աշխատանքի ընդունել ռուսաստանյան վարորդական իրավունքներ չունեցողներին:

Հարցը հուլիսին փորձեց բարձրացնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ընթացքում: Ռուսաստանում հայաստանյան վարորդական վկայականները ճանաչելու համար Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկեց ռուսերենին տալ պաշտոնական կարգավիճակ։ Եվրասիական միության անդամ Ղազախստանում, Բելառուսում, Ղրղըզստանում ռուսերենը պաշտոնական լեզու է, և սա միայն Հայաստանի քաղաքացիների համար է խնդիր։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը երեկ քննարկել է տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՏՄ թվային օրակարգին, անդամ երկրների էլեկտրաէներգետիկ շուկաների ինտեգրմանը, ավիացիոն ոլորտում համագործակցությանը, Եվրասիական միության և Իրանի միջև համաձայնագրի բանակցությունները ընթացքին: Աշխատողների կենսաթոշակային ապահովմանը, ինչպես նաև ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրները և մի շարք այլ հարցեր նույնպես եղել են Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների դիտարկման թեմաները:

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում, նշված է Հայաստանի կառավարության կայքում:

Աստանայում երեկ կայացել է նաև Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը: Դմիտրի Մեդվեդևն ու Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ ընդգծել են, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճում է, և կան դրական ցուցանիշներ հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում։

Հանդիպմանը, ինչպես հայտնում են երկու երկրների կառավարությունների մամուլի ծառայությունները, քննարկվել են նաև Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցեր։

Հավելենք նաև, որ հանդիպումը սկսելիս Մեդվեդևը Կարապետյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG