Մատչելիության հղումներ

Հայաստանցի վարորդներն այլևս չեն կարող աշխատել ՌԴ-ում՝ ՀՀ վարորդական իրավունքի վկայականի «սխալի պատճառով»


Բեռնատարներ դեպի Սանկտ Պետերբուրգ տանող մայրուղում, արխիվ

Գյումրեցի Կարապետ Մկրտչյանը 9 տարի Մոսկվայում միկրոավտոբուս է վարել, սակայն ստիպված է եղել վերադառնալ Հայաստան, քանի որ հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին նոր օրենքը:

Այդ օրենքի գործարկման հետևանքով Ռուսաստանում աշխատող հայաստանցի վարորդների մեծ մասը կորցրել է աշխատանքը, շատերն էլ հայրենիք են վերադարձել: Խնդիրն այն է, որ Ռուսաստանում այլևս արգելվում է աշխատանքային պայմանագրեր կնքել օտարերկրյա քաղաքացիների հետ: Ավելին՝ Կարապետ Մկրտչյանն ասում է, որ Հայաստանում տրված վարորդական իրավունքի վկայականում թույլ տրված մի բացթողման հետևանքով հայ վարորդները չեն կարող նաև քննություն հանձնել ու ռուսաստանյան վարորդական իրավունք ձեռք բերել:

Ռուսաստանում Մկրտչյանին ասել են՝ ըստ Վիեննայի կոնվենցիայի, վկայականում ցանկացած գրառում պետք է նաև լատինատառ լինի, մինչդեռ հայկական վարորդական իրավունքի վկայականում անձի հայրանվան դաշտում գրառումը միայն հայերեն է, որոշ դեպքերում նաև ռուսերեն թարգմանությամբ: Լատինատառ գրառման բացակայությունը հայաստանցի վարորդներին կանգնեցրել է փաստի առաջ: «Ռուսաստանում վարորդական իրավունք են տալիս միայն ազգային վկայականի հիման վրա, բայց լատինատառ գրառման բացակայության պատճառով մեր վկայականի հիման վրա Ռուսաստանում մեզ վկայական չեն տալիս»,-ասում է Գյումրեցի վարորդը:

Նրա համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են հայկական վկայականում տեղ հատկացրել հայրանվան համար, որը լրացնելը պարտադիր էլ չէ, «ու դեռ մի բան էլ լատինատառ չեն լրացրել»՝ արհեստական դժվարություններ ստեղծելով հայաստանցի վարորդների համար․ «Կառավարությունն ինչի՞ց ելնելով է նման բան արել»:

Կարապետ Մկրտչյանն այժմ փորձելում է քայլեր ձեռնարկել, որ հայկական վարորդական վկայականներում տեղ գտած այդ սխալն ուղղվի: Նա դիմել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ խնդրելով պարզել, թե ինչու է հայկական վկայականներում խախտված Վիեննայի կոնվենցիայի պահանջը: Խնդրել է նաև աջակցել Եվրասիական միության տարածքում իր աշխատանքը վերականգնելու հարցում:

Օրերս Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հունիսի 1-ից ՌԴ-ում գործում է օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելք, ինչը, ըստ պատգամավորի, հակասում է ԵԱՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին: Մարուքյանը նշել էր, որ դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել ԵԱՏՄ համաձայնագրի կիրարկումն ապահովելու և ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG