«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները, որոնք գիշերը ժամանակավորապես դադարեցվել էին, այսօր ժամը 6:30-ի դրությամբ վերսկսվել են, դրանց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ժամը 6-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է պաշտպանության նախարարության ավիացիայի 1 ուղղաթիռ:
Շաբաթ օրը ժամը 12:30 ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք․ հիշեցնենք՝ շաբաթ երեկոյան նշվում էր 250-300 հա տարածք:
Անցած օրերին հարյուրավոր մարդիկ էին ներգրավված հրդեհի մարման աշխատանքներում՝ հրշեջ-փրկարարներ, պաշտպանության նախարարության զինծառայողներ, ոստիկանության աշխատակիցներ, Ուրցաձորի բնակիչներ, հրդեհաշիջմանը մասնակցում են նաև ՊՆ ուղղաթիռները: