Մատչելիության հղումներ

Մեթոդոլոգիան, որով հաշվարկվում է ջրի, գազի, հոսանքի սակագինը, միշտ կարող է հանրությանը փաստի առաջ կանգնեցնել. տնտեսագետ


Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, այն մեթոդոլոգիան, որով հաշվարկվում է ջրի, էլեկտրաէներգիայի և գազի սակագինը, միշտ կարող է հանրությանը փաստի առաջ կանգնեցնել։

Տնտեսագետի խոսքով՝ ցանկացած պահի նման ծառայություններ իրականացնող ընկերությունները կարող են սակագնի բարձրացման պահանջով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։

«Կարող է դիմել և ասել, որ իր ծախսերը մեծացել են՝ «ես լրացուցիչ ծախսեր եմ կատարում՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, և այդ ծախսերը չեն փոխհատուցում, ես պետք է խնդրեմ ձեզ սակագինը բարձրացնել։ Իսկ այդ մեթոդոլոգիան ծախսման սկզբունքով է առաջնորդվում, որը գալիս է դեռևս Խորհրդային միությունից, որտեղ շուկայական հարաբերությունների հանգամանքը չի հաշվի առնվում, և այս ընկերությունները, ես կարող եմ ինձ թույլ տալ ասել, որ փոխանակ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ զբաղվեն, արդյունավետ կառավարում իրականացնեն, ուղղակի օգտվում են այս մեթոդոլոգիայի հնարավորություններից և այսպիսի քայլերի են դիմում», - ասաց տնտեսագետը։

Դեռևս 2016 թվականի դեկտեմբերին, ըստ Խաչատրյանի, «Վեոլիա ջուրը» հայտարարել էր, որ 15 տարիների ընթացքում մոտ 38 միլիարդ դրամ ներդրում պետք է անի, տնտեսագետի համոզմամբ, նման հայտարարություններին հիմնականում հաջորդում են սակագնի բարձրացման հայտերը։

«Երբ որ այսպիսի հայտարարություն են անում, ես միանգամից արդեն հասկանում եմ, որ սակագնի բարձրացման հայտի հիմք են պատրաստում, հիմա նույնը ՀԷՑ-ը հայտարարեց, որ ինքը պետք է 200 միլիոնի մոտավորապես ներդրում անի, ես հիմա սպասում եմ, որ ՀԷՑ-ը այդպիսի մի հերթական հայտարարություն պետք է անի, թեկուզ, երբ որ ՀԷՑ-ի 2015 թվականի ֆինանսական հաշվետվությունն ենք նայում, ինքը բավականին առաջընթաց է արել՝ մինուս 10 միլիարդի փոխարեն, եթե վնաս ունեցել էր 2014 թվականին, 2015-ին 21 միլիարդ դրամի օգուտ է ունեցել՝ մաքուր շահույթ՝ հարկերը վճարած։ Հիմա «Վեոլիան» հայտարարում է, որ այսպիսի ներդրումներ է անելու», - ասաց տնտեսագետև։

Նշենք, որ Հայաստանի ջրային համակարգը ղեկավարող «Վեոլիա ջուր» ընկերությունը ցանկանում է 14.3 դրամով բարձրացնել խմելու ջրի սակագինը։ Ընկերությունը թանկացման հիմնավորումներ առայժմ չի ներկայացնում։

«Հետաքրքիր կլիներ ծանոթանալ հիմնավորմանը, բայց դեռ չկա այդ հայտը, որովհետև հիմնավորումը հիմնականում պայմանավորում են կորուստներով, բայց ես կարծում եմ, որ «Վեոլիա ջուր»-ն, որն ընդամենն այս տարվա հունվարի սկզբից դարձավ ամբողջ Հայաստանում, ես դրան էլ դեմ եմ, որովհետև գտնում եմ, որ եթե համակարգը թույլ է տալիս, որ մի քանի օպերատորներ լինեն, կարելի էր մի քանի օպերատորներ ունենալ և մրցակցային իրավիճակ ստեղծել և դրանից ելնելով սակագնի սահմանման մեջ կողմնորոշվել», - ասաց տնտեսագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ասյտեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG