Մատչելիության հղումներ

Veolia-ի առաջարկած ջրի սակագինը կարող է ամենաբարձրը լինել երևանցիների համար


Փորձագետի կարծիքով, խմելու ջրի թանկացմանն առաջիկայում հաջորդելու է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ երեկոյան ստացել է խմելու ջրի թանկացման վերաբերյալ «Վեոլիա ջուր» ընկերության հայտը: Հայաստանի ողջ ջրային համակարգը մինչև 2032 թվականը վարձակալությամբ տնօրինելու իրավունք ստացած ֆրանսիական ընկերությունն առաջարկում է բնակիչների համար 14,3 դրամով թանկացնել խմելու ջուրը, այն հասցնելով 1 խմ-ի դիմաց 194,3 դրամի: Առաջիկա 80 աշխատանքային օրերի ընթացքում Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը պետք է քննի և պարզի՝ որքանո՞վ է հիմնավորված թանկացման հայտը, ինչից հետո էլ որոշում կկայացնի:

Անցած տարիներին ՀԾԿՀ-ն գրեթե միշտ բավարարել է մենաշնորհ ունեցող (գազ, էլեկտրաէներգիա, ջուր վաճառող) ընկերությունների հայտերը, և եթե բավարարի նաև այս անգամ, ապա Հայաստանի բնակիչները մեկ խորանարդ մետր խմելու ջրի համար կվճարեն 194,3 դրամ, ինչը Երևանի պարագայում ամենաբարձր գինն է 1991 թվականից ի վեր:

Ուշագրավ է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն ընդամենը կես տարվա ընթացքում երկրորդ անգամ է առաջարկում մայրաքաղաքում բարձրացնել խմելու ջրի սակագինը: Անցած տարվա դեկտեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց երևանցիների համար խմելու ջուրը թանկացնել մոտ 10 դրամով՝ անցած հունվարի 1-ից այն դարձնելով 180 դրամ 1 խմ-ի դիմաց:

Այդ ժամանակ Ռոբերտ Նազարյանն ընկերությանը հորդորել էր աշխատել այնպես, որ առաջիկա տարիներին խմելու ջուրը վերստին չթանկանա, իսկ դրա համար ընկերությունը պետք է կրճատեր ապօրինի ջրօգտագործողների քանակը: «Ազատությանն» այսօր չհաջողվեց մեկնաբանություն ստանալ հանձնաժողովից:

Թե «Վեոլիա ջուրն» ինչու է որոշել վերստին բարձրացնել խմելու ջրի սակագինը, փորձեցինք ճշտել ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանից: Սակայն պարզվեց՝ «Վեոլիա ջուրն» արդեն իսկ թանկացման հայտով դիմել է ՀԾԿՀ, և հանրության առջև հաշվետվություն կներկայացնի ավելի ուշ:

Երևանի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը «Վեոլիա ջուր» ընկերությանը 10 տարով վարձակալության տրվեցին 2005 թ․ դեկտեմբերին: Անցած տարվա փետրվարին քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգեց մինչև 2016 թ. դեկտեմբերի 31-ը: Բայց մինչ կավարտվեր այդ ժամկետը, կառավարության որոշմամբ անցած դեկտեմբերին «Վեոլիա ջուր» ընկերությանը 15 տարով վարձակալության տրվեց հանրապետության ջրամատակարարման և ջրահեռացման ողջ համակարգը, որը սպասարկվում էր 5 ընկերությունների կողմից:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով, խմելու ջրի թանկացմանն առաջիկայում հաջորդելու է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը, ինչը լրացուցիչ բեռ է դառնալու Հայաստանի քաղաքացիների համար: «ԱՄՆ-ի սանկցիաների ֆոնին Ռուսաստանը բավական լուրջ խնդիր ունի, կապված, մասնավորապես, կենսաթոշակների ինդեքսավորման հետ: Քանի որ նավթի միջազգային շուկայում ինքը դոմինանտ դեր չունի ու համեմատաբար դոմինանտ դեր ունի գազի շուկայում, դա կբերի այն բանին, որ 2018-ին եվրոպական երկրներում, նաև այլ երկրներում, այդ թվում Հայաստանում գազի սակագինը կբարձրանա: Դա շղթայաբար կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը»,- ասաց տնտեսագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG