Մատչելիության հղումներ

Ստուգվել են «Սասնա ծռեր»-ի գործով անցնող 3 հացադուլավորների պահման պայմանները. ՄԻՊ


Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ըստ ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության, հետևողական ուսումնասիրության են ենթարկվել «Սասնա ծռեր» զինված խմբի հացադուլ հայտարարած անդամներ Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի և այդ գործով անցնող Վարդգես Գևորգյանի առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները:

«Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ սկզբունքներ։ Նրանց պահման պայմանների վիճակը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է: Պաշտպանի աշխատակազմը կարևորում է նաև համագործակցությունը Գերավետյանի, Մանուկյանի և Գևորգյանի փաստաբանների հետ», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG