Մատչելիության հղումներ

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել «Սասնա ծռերի» հացադուլ հայտարարած անդամների հետ


Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության, այցի շրջանակում նրանք առանձնազրույցներ են ունեցել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ:

Վարդան Գերավետյանը, հացադուլով պայմանավորված, հրաժարվել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցը, իսկ Տիգրան Մանուկյանն առողջության հետ կապված գանգատներ չի ներկայացրել: Աշխատակազմի մասնագետներն ուսումնասիրել են նաև նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները:

Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները կապ են հաստատել նաև Վարդան Գերավետյանի պաշտպանի հետ:

Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է հատուկ սկզբունքներով և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG