Այսօր Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գումարված Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ASEAN) գագաթնաժողովում հանդիպել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Reuters լրատվական գործակալությունիը վկայակոչել է Լավրովին, ով ասել է, թե, չնայած պատժամիջոցների հանգամանքին, ինքը համոզված է, որ իր ամերիկացի զրուցակիցը պատրաստ է մի շարք բարդ հիմնախնդիրների շուրջ շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ: «Մենք զգում ենք, որ ամերիկյան կողմն ունի այդպիսի պատրաստակամություն, երկխոսությանն այլընտրանք չկա»,- ասել է Լավրովը:
Սա երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դժկամությամբ ստորագրել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները:
Նախքան ASEAN-ի երկօրյա գագաթնաժողովի բացումը պետքարտուղարը և արտգործնախարարը տեսախցիկների առաջ միմյանց ձեռք են սեղմել և ոտքի վրա մի քանի բառ են փոխանակել, սակայն չեն պատասխանել լրագրողների հարցերին:
Նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 3-ին Թվիթերում գրել է, որ «ռուս-ամերիկյան հարաբերությունները իջել են երբևէ գրանցված ամենացածր վտանգավոր աստիճանի»:
Իսկ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ֆեյսբուքում գրել է, որ Թրամփի կողմից պատժամիջոցների վավերացումը կհանգեցնի «Ամերիկայի և Ռուսաստանի միջև լայնածավալ առևտրային պատերազմի»:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագահ Թրամփը և պետրքարտուղար Թիլերսոնը դեմ էին Կոնգրեսի կազմած և ընդունած նոր պատժամիջոցներին:
Թրամփն ի վերջո ստիպված վավերացրել է պատժամիջոցները, բայց նշել է, որ դրանք «լուրջ խախտումներ են պարունակում»: