Մատչելիության հղումներ

Մեդվեդև․ Պատժամիջոցների վավերացումը վերջ դրեց հարաբերությունները բարելավելու հույսին


Արտապատկերում ՌԴ վարչապետի ֆեյսբուքյան էջից
Արտապատկերում ՌԴ վարչապետի ֆեյսբուքյան էջից

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հակառուսական նոր պատժամիջոցների վավերացումը «վերջ դրեց ամերիկյան նոր վարչակազմի հետ հարաբերությունները բարելավելու հույսին»:

Մեդվեդևի փոխանցմամբ, «պատժամիջոցների ռեժիմը պաշտոնապես ամրագրվել է, և եթե որևէ հրաշք չպատահի, կգործի տասնամյակներ»: «Ընդ որում, այդ ռեժիմը կլինի ավելի կոշտ, քան Ջեքսոն-Վենիքի լրամշակումը, քանի որ համապարփակ բնույթ է կրում, և նախագահն առանց Կոնգրեսի արտոնության այն չի կարող փոխել», - գրել է Ռուսաստանի վարչապետը:

Նա ենթադրում է, որ նոր պատժամիջոցները կհրահրեն Ռուսաստանի հետ համընդհանուր առևտրային պատերազմ, միջազգային դատարաններում և կառույցներում կսկսվեն հարաբերությունների երկարատև պարզաբանումներ, տեղի կունենա միջազգային իրավիճակի սրում և հրաժարում միջազգային կարևոր խնդիրների լուծումներից:

Նոր պատժամիջոցների հանդեպ վերապահումներ դրսևորած Թրամփը հայտնել է, թե «փաթեթը վավերացրել է հանուն ազգային միասնության»:

Մեդվեդևը Ֆեյսբուքի իր էջում քննադատել է ԱՄՆ նախագահին, գրելով, թե Թրամփի վարչակազմը ամենանվաստացուցիչ եղանակով գործադիր իշխանությունը հանձնել է Կոնգրեսին:

«Ամերիկյան վերնախավը լիակատար հաղթանակ է տարել: Նոր պատժամիջոցները չեն ուրախացնում նախագահին, բայց նա ստիպված էր վավերացնել դրանք», - Ֆեյսբուքում գրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG