Ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվում է Թելման Վազիրի Քալաշյանը:
«Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն Հայաստանի ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում», - ասված է հայտարարությունում:
Ոստիկանությունը երաշխավորում է տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը:
Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին, ժամը 17.50-ին խուզարկություն է կատարվել Թելման Քալաշյանի՝ Մյասնիկյան գյուղում գտնվող տանը և օժանդակ շինություններում։
Ըստ հաղորդագրության, հյուրասենյակի բազմոցի դարակից հայտնաբերվել և առգրավվել է ՏՏ տիպի ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 7.62 մմ տ/չ 8 փամփուշտով, իսկ տանը կից թոնրատնից՝ «ԻԺ-18ե» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական չհաշվառված հրացան:
Հիշեցնենք, օգոստոսի 1-ին՝ առավոտյան Շամիրամի գերեզմանատան հարևանությամբ գտնվող սգո սրահում զինված տղամարդը կրակ էր բացել հավաքվածների վրա, ապա դիմել փախուստի։ 4 մարդ մահացել էր, 7-ը՝ վիրավորվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ձերբակալվել է գործով որպես մեղադրյալ ներգրավված Թելման Քալաշյանի հորեղբայրը՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով, իսկ սպանությունների մեջ կասկածվող Թելման Քալաշյանը հետախուզվում է։