Մատչելիության հղումներ

Կրակոցներ Շամիրամ գյուղում․ 4 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել


Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում, Շամիրամ, Արագածոտնի մարզ, 1-ը օգոստոսի, 2017թ․
Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում, Շամիրամ, Արագածոտնի մարզ, 1-ը օգոստոսի, 2017թ․

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում տեղի ունեցած արյունալի միջադեպի պատճառն, ըստ ականատեսների, ֆինանսական խնդիրներն են։ Գյուղացիների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան միջին տարիքի մի տղամարդ մտել է Շամիրամի գերեզմանների հարևանությամբ գտնվող սրահն ու կրակ բացել ներկաների ուղղությամբ։

Զոհվել է 4 մարդ, որոնցից 3-ը մահացել են տեղում, իսկ մյուսն ավելի ուշ՝ հիվանդանոցում, կա ևս 7 վիրավոր։ Ինչպես «Ազատությանը» պատմեցին եզդիաբնակ գյուղի բնակիչները, իրենք այսօր նշում էին հանգուցյալների հիշատակի օրը, արարողությունը սկսվելուց մեկ ժամ հետո ավարտվեց ողբերգությամբ։ Թե ով է եղել կրակողը՝ գյուղի բնակիչները չգիտեն, միայն պատմում էին, որ նա Արմավիրի մարզից է, ըստ խոսակցությունների՝ եկել էր պարտք ու պահանջի հաշիվներ պարզելու արարողությանը մասնակցելու համար Ռուսաստանից գյուղ եկած եզդիների հետ։

«Ինքը որ մտավ ներս՝ մի հոգի իրան դիմավորեց, ու իրան խփեց: Ես էդ տեսա», - փոխանցեց գյուղի բնակիչներից մեկը, հարցին էլ՝ «իսկ ի՞նչ ասաց այդ մի հոգին», պատասխանելով․ - «Դե ինքը ինչ-որ, ուզեցել ա խնդրի, կամ մի բան, ինքը սպանել ա: Ինչ-որ էնտեղ մեկին հարցրել ա՝ «իմ փողը տվեք», գումարի խոսակցությունը գնացել ա ինչ-որ: Սեղանը 500 հոգի նստած էր, ես վերջում եմ նստած եղել, ներքևի ժողովուրդը ասում ա, որ ինքը անունը շոշափել ա, ասել ա, ինչ-որ, «իմ փողը տվեք»:

Գյուղի մեկ այլ բնակիչ «Ազատության» հարցին՝ տեսե՞լ էր երբևէ, ճանաչո՞ւմ էր տվյալ անձնավորությանը, արձագանքեց․ - «Չէ, ես չեմ ճանաչում, բայց կան մարդիկ, շատերը իրան ճանաչում են, բայց ես չեմ ճանաչում»:

«Հոկտեմբերյանցի [Արմավիրի մարզից] էր, Արաքսից էր», - փոխանցեցին կրակող տղամարդուն ճանաչողները՝ հավելելով, որ նա նույնպես ազգությամբ եզդի է:

Մահացածներից երկուսը Շամիրամի բնակիչներ էին, մյուս երկուսը եկել էին Ռուսաստանից։ Ըստ ականատեսների՝ կրակողը դեպքի վայրից հեռացել է, բայց կարճ ճանապարհ անցնելուց հետո գյուղի սկզբնամասում թողնելով իր վարած «Նիվա» մակնիշի սպիտակ մեքենան՝ դիմել է փախուստի։

«Ազատության» նկարահանման պահին քննչական գործողություններ էին իրականացվում և՛ տարածքում, որտեղ մեքենան էր կանգնած, և՛ շինությունում, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը։ Երբ զոհվածներից մեկի հարազատը հուզված սկսեց պատմել դեպքի մանրամասները, ոստիկանները լրագրողներին արգելեցին այլևս նկարահանումներ կատարել այդտեղ։

Դեպքին ներկա գտնվածները պատմում էին նաև, որ զինված տղամարդը կրակել է ավտոմատից, բայց ըստ ոստիկանության հաղորդագրության՝ դա եղել է «Սայգա» տեսակի օրինական գրանցված որսորդական հրացան: Իրավապահներին հայտնի է նաև տղամարդու ինքնությունը, ըստ ոստիկանության հաղորդագրության՝ այժմ ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Նրա անունը չի նշվում:

Քննչական կոմիտեից էլ տեղեկացնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանցից 6-ը տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունից հետո առավել ծանր վիճակում գտնվող 3 վիրավորի ավելի ուշ բերել են Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այդ անձանցից 2-ի վիճակը, ըստ առողջապահության նախարարության, գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր: Մյուս 2 վիրավորները շարունակում են բուժում ստանալ Աշտարակի հիվանդանոցում։ Մեկն էլ առաջին օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

«Երեք հիվանդները՝ վերջույթների շրջանում վերքեր էին, մեկը՝ քերծվածքներ էր, լուրջ ոչ մի բան չկար, հիվանդը թողնվել է տուն՝ վիրակապելուց հետո, երկու հիվանդներին՝ վերջույթների վնասումներով, մեր բաժանմունքում կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, հիվանդները գտնվում են բաժանմունքում», - «Ազատությանը» փոխանցեց Աշտարակի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Աշոտ Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի՝ հրազենային վնասվածքները նման չէին ավտոմատից ստացված վնասվածքների, դրանք այլ տեսք ունեն: «Արագ է կրակոցները եղել՝ իրենց թվում էր, որ դա ավտոմատիկ զենք է: Այնքան բեկորներ կար, որ չի լինում նման բան», - ասաց Աշտարակի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչը:

Նշենք նաև, որ ևս երկու վիրավորի էլ գյուղացիները սեփական միջոցներով տեղափոխել էին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, և հենց այդ տուժածներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG