Մատչելիության հղումներ

Սևանում 28-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ


Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Սևանում 28-ամյա երիտասարդի սպանության համար:

Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով Արարատի մարզի 1989 թ․ ծնված բնակիչը ձախ քունքային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել էր:

«ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սևան քաղաքի բնակիչ Է. Հովհաննիսյանը՝ ծնված 1981թ.:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. հուլիսի 30- ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սևանի լողափերից մեկում անձնական հարցերի շուրջ Է. Հովհաննիսյանի, վերջինիս հոր, եղբոր և այլ անձանց միջև, որոնց թվում էր նաև 28-ամյա երիտասարդը, տեղի է ունեցել վիճաբանություն: Առաջացած ծեծկռտուքի ժամանակ Է. Հովհաննիսյանի հայրը՝ ծնված 1957թ., հայտնվել է գետնին՝ անգիտակից վիճակում և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը։

Է. Հովհաննիսյանը, իմանալով հոր մահվան լուրը, ավտոմեքենայով եղբոր հետ գնացել է հանգստյան գոտու տարածքից հեռացած՝ վիճաբանությանը մասնակցած անձանց հետևից: Այնուհետև Երևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում, հասնելով այն ավտոմեքենային, որտեղ գտնվում էր 28-ամյա երիտասարդը, կրակոց է արձակել վերջինիս գլխին, ով ստացած վնասվածքից մահացել է:

Համաձայն դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացության՝ 1957թ. ծնված տղամարդը մահացել է սրտամկանի ինֆարկտից: Նրա մարմնի վրա առողջության համար նույնիսկ թեթև վնաս պարունակող վնասվածքներ չեն հայտնաբերվել: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Է. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG