ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Չեռնոգորիայում մասնակցում է Ադրիատիկի խարտիայի երկրների գագաթնաժողովին: Պոդգորիցայում, մինչ տարածաշրջանի երկրների առաջնորդների հանդիպման մեկնարկը, Փենսն ասել է, որ Արևմտյան Բալկանների ապագան Արևմուտքում է:
Չեռնոգորիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսում Մայք Փենսը վերահաստատել է բարեկամական հարաբերություններ հաստատելու ԱՄՆ-ի հանձնառությունը, որը կուժեղացնի կապերը Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Միացյալ Նահանգների միջև:
ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությունը Փենսը գնահատել է որպես «պատմական ձեռքբերում» այդ երկրի համար և ուժեղության ապացույց:
Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչն ասել է, որ անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ բալկանյան փոքր երկիրը անշրջելիորեն իրեն կապեց Արևմուտքի հետ:
Չեռնոգորիան Փենսի եվրոպական շրջագայության վերջին կետն է, նա այցելել էր Էստոնիա և Վրաստան՝ ԱՄՆ-ի դաշնակիցներին փոխանցելով Վաշինգտոնի աջակցությունը և հավատարմությունը: