Մատչելիության հղումներ

Մայք Փենս․ ԱՄՆ-ը կանգնած է Արևելյան Եվրոպայի դաշնակից երկրների կողքին


Էստոնիա - ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը մերձբալթյան երեք երկրների նախագահների հետ, Տալլին, 31-ը հուլիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Մայք Փենսը Տալլինում հայտարարել է Էստոնիայում ամերիկյան Patriot տիպի հակաօդային պաշտպանության հրթիռներ տեղակայելու մտադրության մասին, ուժեղ աջակցություն է հայտնել մերձբալթյան երեք երկրներին: Այսօր նա ժամանելու է Վրաստան, որտեղից ուղևորվելու է Չեռնոգորիա:

Հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը Վրաստան այցի ընթացքում հնարավոր է՝ Փենսը այցելի նաև Վազիանի, որտեղ այսօր մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է, որ ԱՄՆ փոխնախագահի այցելությունը Վրաստանին Միացյալ Նահանգների ուժեղ աջակցության ապացույց է:

Մայք Փենսը Տալլինում արդեն բանակցել է Էստոնիայի վարչապետի հետ, հանդիպել է Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի նախագահների հետ, նաև ուղերձով դիմելու է Էստոնիայում տեղակայված ՆԱՏՕ-ի զինծառայողներին:

Կիրակի օրը ԱՄՆ փոխնախագահի հետ բանակցություններից հետո Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը Հանրային հեռուստաընկերությամբ ասել է, թե հնարավոր է՝ Միացյալ Նահանգները երկրի տարածքում Patriot տիպի հակաօդային պաշտպանության հրթիռներ տեղակայի: Էստոնիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ մասին Փենսը ասել է հանդիպման ժամանակ, սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվել:

Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի նախագահների հետ հանդիպմանը Մայք Փենսը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը մերձբալթյան երկրներին, որոնք ժամանակին ընդգրկված էին նախկին Խորհրդային Միությունում, իսկ հիմա ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ պետություններ են:

«Մենք կանգնած ենք Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի պետությունների ու ժողովուրդների կողքին և միշտ կանգնած կլինենք», - Տալլինում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:

Փենսը ասել է, որ Միացյալ Նահանգները մերժում է բալթյան երկրներում ուժ կիրառելու, վախեցնելու կամ ազդեցություն ձևավորելու որևէ փորձ:

Տալլինում անդրադառնալով Էստոնիա, Վրաստան և Չեռնոգորիա իր մեկնարկած շրջագայությանը՝ ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Վաշինգտոնը կանգնած է մերձբալթյան և Արևելյան Եվրոպայի մյուս դաշնակից երկրների կողքին, որոնք մտահոգություն են հայտնել իրենց տարածաշրջաններում Ռուսաստանի մտադրությունների կապակցությամբ:

Fox News-ին տված հարցազրույցում Փենսն ասել է. - «Մեր ուղերձը բալթյան երկրներին, Վրաստանին և Մոնտենեգրոյին (Չեռնոգորիա) կլինի նույնը. այստեղ՝ Արևելյան Եվրոպայում մեր դաշնակիցներին մենք ասում ենք՝ մենք ձեզ հետ ենք հանուն ազատության»:

Այսօր Տալլինում ԱՄՆ փոխնախագահը և Էստոնիայի նախագահը նաև մասնակցելու են թվային տնտեսության, կիբերանվտանգության և տնտեսական նորարարությունների շուրջ քննարկումներին:

ՆԱՏՕ-ին վերջերս անդամակցած Չեռնոգորիայում երկկողմ բանակցություններից բացի օգոստոսի 2-ին Մայք Փենսը մասնակցելու է Ադրիատիկի խարտիայի գագաթնաժողովին: Պոդգորիցայում կայանալիք այդ գագաթնաժողովին մասնակցելու են Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Սերբիայի և Սլովենիայի առաջնորդները:

Ակնկալվում է, որ Մայք Փենսը կհայտարարի Արևմտյան Բալկանների երկրներին Միացյալ Նահանգների հավատարմության մասին, ինչպես նաև կշեշտադրի այդ տարածաշրջանի երկրներում քաղաքական բարեփոխումների, լավ կառավարման և օրենքի գերակայության անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG