Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ԱՄՆ փոխնախագահը դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան և օկուպացիան


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին համատեղ ասուլիսի ժամանակ, Թբիլիսի, 1-ը օգոստոսի, 2017թ․

«Ես այստեղ եմ հայտնելու, որ երբ ասում ենք՝ առաջինը՝ Ամերիկան, դա չի նշանակում՝ միայն Ամերիկան: Ամերիկան կանգնած է Վրաստանի կողքին», - Թբիլիսիում այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը:

Նա ուժեղ աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, և խստորեն դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան ու օկուպացիան:

Փենսը կնոջ հետ Թբիլիսի է ժամանել երեկ օրվա երկրորդ կեսին՝ երեկոյան ժամերին: Առաջին ընդունելությունը, ելույթները տեղի ունեցան Մթածմինդայի ռեստորանում կազմակերպված հանդիսավոր ընթրիքին, որտեղ նաև ազգային համույթները, երգիչները վրացական, աբխազական և օսական երգեր ու պարեր են կատարել:

«Նախագահ Դոնալդ Թրամփն ինձ խնդրել է փոխանցել բարեմաղթանքներն ու ասել, որ մենք ձեզ հետ ենք: Մենք Վրաստանը համարում ենք առանցքային ռազմավարական գործընկեր, աջակցում ենք ձեր տարածքային ամբողջականությանը և սատարում ենք ՆԱՏՕ-ին անդամակցելու ձեր ջանքերին», - ասել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:

Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին ասել է, որ ի դեմս Վրաստանի «Միացյալ Նահանգներն ունի հավատարիմ բարեկամ, աշխարհքաղաքական դաշնակից և ռազմավարական գործընկեր»:

Մայք Փենսը ԱՄՆ-ի անունից բաժակ է բարձրացրել՝ հանուն ազատ, ամբողջական և բարգավաճ Վրաստանի:

Օգոստոսի 1-ին տեղի են ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահի և Վրաստանի ղեկավարի՝ վարչապետ Կվիրիկաշվիլիի պաշտոնական բանակցությունները:

Մամուլի համատեղ ասուլիսում Մայք Փենսը ասել է, որ այստեղից 40 մղոն հեռավորության վրա ռուսական տանկերը կանգնած են Հարավային Օսիայի օկուպացված տարածքում: «Այսօր Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքի մեկ հինգերորդ մասի օկուպացիան: Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Վրաստանի հողի օկուպացիան Ռուսաստանի կողմից», - հստակ հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահը:

Հիշեցնենք՝ 2008 թվականի ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո պաշտոնական Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և այդ տարածքներում ռազմակայաններ տեղակայել:

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հարցին՝ Փենսը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շուտով կստորագրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնող օրինագիծը:

Նա ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը հրաժարվի իր ապակառուցողական քաղաքականությունից:

Մայք Փենսը այսօր հանդիպել է նաև Վրաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս հանդիպմանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան առանձին թեմա է դարձրել Սաակաշվիլիի հարցը:

«Մենք զրուցել ենք նաև Միխեիլ Սաակաշվիլիի մասին, մարդ, ով նշանակալից բարեփոխումներ է կատարել այս երկրում և Վրաստանը վերածել հաջողված պետության: Խոսել ենք այն մասին, որ իշխանությունը հետապնդումներ է իրականացնում ընդդիմախոսների նկատմամբ և ներկայացրել ենք, թե դրա համար ինչպիսի գործիքներ են օգտագործվում», - հանդիպումից հետո մամուլին ասել է Նիկա Մելիան:

«Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդներից Շալվա Շավգուլիձեն ասել է, որ իրենք խոսել են ներկայիս վարչախմբի ձեռքում չափազանց մեծ իշխանության կենտրոնացման և երկրի «ոչ պաշտոնական» կառավարման խնդիրների մասին:

ԱՄՆ-ի փոխնախագահը Վրաստանում հանդիպումներ ունի նաև երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, հոգևոր առաջնորդ, Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի, ինչպես նաև Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակիցների հետ:

Հիշեցնենք՝ Փենսը Վրաստան է ժամանել Էստոնիայից, որտեղ նաև հանդիպեց մերձբալթյան երեք երկրների ղեկավարներին՝ վերահաստատելով ԱՄՆ-ի աջակցությունը, իսկ Թբիլիսիից նա այսօր մեկնում է ՆԱՏՕ-ին վերջերս անդամակցած Չեռնոգորիա: Չեռնոգորիայում նախատեսված է հանդիպում տարածաշրջանի երկրների առաջնորդների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG