Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության հեղինակած աղմկահարույց օրինագծերից մեկը, որը թույլ է տալիս արդարադատության նախարարին ինքնուրույն նշանակել և պաշտոնանկ անել երկրի դատարանների ղեկավարներին:
Լեհաստանով մեկ ծավալված բողոքի աննախադեպ ակցիաների մասնակիցները պահանջում էին, որպեսզի Դուդան չստորագրի երեք օրինագծերը, դրանցից երկուսի վրա նա վետո դրեց:
Ընդդիմախոսները պնդում են, որ այս բարեփոխումները վտանգի տակ են դնում երկրի դատարանների անկախությունը:
Իշխող կուսակցության՝ երկրի դատական համակարգը փոխելու պլանները զայրույթի ալիք են բարձրացրել ինչպես Լեհաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Ընդդիմությունը ողջունել է Դուդայի վետոն երեք օրենքներից երկուսի վրա և կոչ է անում նույնն անել նաև երրորդի դեպքում:
Նախագահը վետոյի ենթարկված օրինագծերի վերաբերյալ հաջորդ երկու ամսվա ընթացքում պետք է ներկայացնի սեփական այլընտրանքային առաջարկները: