Ֆիրդուսի տոնավաճառի հարակից տարածքի բնակիչներն այսօր կառավարության շենքի մոտ էին։ Նրանք պահանջում էին հստակեցնել, թե արդյո՞ք իրենց տները ևս խանգարելու են այնտեղ իրականացվող շինարարությանը։
«Շուկան ապամոնտաժեն, հետո էլ անցնելու են մեր տներին։ Բուլդոզերը կգցեն, մեր տները կքանդեն, մեզ էլ կգցեն փողոցները», - «Ազատության» հետ զրույցում ասացին բնակիչները՝ շարունակելով. - «Մենք հասկանում ենք, որ քաղաքը պետք է բարելավել, բայց թող մեզ էլ նորմալ փոխհատուցեն, մենք էլ իրենց օրհնենք ու գնանք։ Թող ասեն, թե ի՞նչ է սպասվում մեզ»։
Նշենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու կառուցապատող ընկերության բանվորները ծանր տեխնիկայի օգնությամբ քանդում էին ավելի քան երկու տասնամյակ գործող Ֆիրդուսի փողոցի բացօթյա տոնավաճառը։
Քաղաքապետարանի աշխատակիցները հայտարարում էին, որ տոնավաճառի հետնամասում սկսվում է նոր էլիտար թաղամասի շինարարությունը, և տաղավարները քանդելուն այլընտրանք չկա։