Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի արտահանձնման հարցը ստվերեց Պորոշենկոյի Վրաստան այցը


Վրաստանի և Ուկրաինայի նախագահները վրաց-օսական շփման գոտում, 19-ը հուլիսի, 2017թ․
Վրաստանի և Ուկրաինայի նախագահները վրաց-օսական շփման գոտում, 19-ը հուլիսի, 2017թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի Վրաստան եռօրյա պաշտոնական այցի օրակարգային վերջին կետն այցելությունն էր հարավօսական հակամարտության գոտի: Ուկրաինայի նախագահն իր վրաց պաշտոնակից Գիորգի Մարգվելաշվիլիի հետ այսօր կեսօրին ժամանեց Օձիսի գյուղի մերձակայք, որտեղ տեղակայված են ռուսաստանյան սահմանապահ ստորաբաժանումները: Պորոշենկոն և Մարգվելաշվիլին մոտեցան Հարավային Օսիան Վրաստանից տարանջատող փշարալին` շփվելով նաև այն գյուղացիների հետ, որոնց հողատարածքները մնացել են օսական և ռուսական ստորաբաժանումների կողմից վերահսկվող տարածքում:

«Սա ոչ օկուպացիայի գիծ է և ոչ էլ շփման գիծ: Այս գիծն անդունդ է անցյալի և ապագայի միջև: Այն, ինչ կատարվում է այստեղ, Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականության հետևանքն է: Մենք ձգտում ենք թե՛ Ուկրաինայի և թե՛ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը: Այդ իսկ պատճառով էլ իմ այցի ընթացքում ես մեկնեցի ոչ միայն Թբիլիսի և Բաթումի, այլև որոշեցի գալ այստեղ, որպեսզի տեղի բնակիչները հստակ իմանան, որ իրենք միայնակ չեն», - հայտարարում էր Պորոշենկոն:

Հարկ է նկատել, որ Ուկրաինայի նախագահի այցն ուղեկցվում էր փոխադարձ հաճոյախոսություններով և ընդհանուր վրաց-ուկրաինական շահերի մասին հայտարարություններով: Իսկ երեկ երեկոյան Վրաստանի նախագահի Հավլաբարում գտնվող նստավայրում կազմակերպված պաշտոնական ընդունելության ընթացքում Ուկրաինայի նախագահը նույնիսկ որոշեց հավաքվածներին վրացերեն դիմել:

Պորոշենկոյի վրաստանյան այցին զուգահեռ շրջանառվող թեմաներից մեկը, սակայն, այնպիսի հնչեղություն ստացավ, որ կարող էր թունավորել Ուկրաինայի նախագահի բանակցությունների շուրջ Թբիլիսիում ձևավորված այդ ողջ լավատեսական մթնոլորտը: Խոսքը Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայում բնակվող Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման մասին էր: Ուկրաինայի նախագահը սկզբում պնդում էր, թե Թբիլիսին Կիևին Սաակաշվիլիի արտահանձնման պահանջով չի դիմել: Պորոշենկոյի այս հայտարարությունից անմիջապես հետո, սակայն, վրացական լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից սկսեցին հրապարակել գլխավոր դատախազության նախորդ տարիների հաղորդագրությունները` Սաակաշվիլիի արտահանձնման շուրջ երկու պետությունների միջև պաշտոնական նամակագրության վերաբերյալ:

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ևս այսօր հերքեց բարձրաստիճան հյուրի պնդումները: «Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման պահանջով Վրաստանի գլխավոր դատախազությունը ուկրաինական կողմին պաշտոնապես դիմել է երկու անգամ: Երկու անգամ էլ մենք մերժում ենք ստացել», - հայտարարում էր Վրաստանի արդարադատության նախարարը:

Այս փաստերի ճնշման ներքո էր թերևս, որ Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Պորոշենկոն ստիպված էր վերանայել իր նախորդ հայտարարությունները: «Ցավոք սրտի, ես տեղյակ չէի դրա մասին: Մյուս կողմից, սակայն, ես շատ ուրախ եմ, որ նման հարցերը քննարկվում են առանց նախագահի միջամտության: Ես քիչ առաջ ստուգեցի իմ տրամադրության տակ եղած տեղեկատվությունը: Իրոք, Ուկրաինան բացասական պատասխան է տվել արտահանձնման պահանջին և խնդրել է հավելյալ տեղեկատվություն տրամադրել Սաակաշվիլիի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ», - նշում էր Ուկրաինայի նախագահը:

Վրաստանի նախկին նախագահի դեմ երկու քրեական գործ է հարուցված: Դրանցից առաջինը վերաբերում է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմադիր բողոքի ակցիայի ցրմանը, ինչպես նաև «Իմեդի» հեռուստաընկերության դեմ իրականացված հարձակմանը: Վրաստանի գլխավոր դատախազությունը պնդում է, որ 2007-ի տարեվերջին ծավալված այս իրադարձությունների ընթացքում Սաակաշվիլին գերազանցել է իր լիազորությունները: Երկրորդ քրեական գործով էլ Սաակաշվիլիին բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման մեղադրանք է ներկայացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG