«Միայնակ Գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանը առաջիկա օրերին նյարդաբանի և նյարդավիրաբույժի հետազոտություն է անցնելու, այսօր «Ազատության»-ը փոխանցեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից։
«Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և առողջապահության նախարարության պետպատվերի շրջանակներում առաջիկա օրերին Խանդոյանը նյարդաբանի և նյարդավիրաբույժի հետազոտություն է անցնելու», - ասացին վարչությունից։
Հիշեցնենք՝ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը ահազանգում էր, որ իր պաշտպանյալը գլխի շրջանում ցավեր ունի, սակայն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հրաժարվում է նրան բուժզննման ենթարկել:
Փաստաբանի փոխանցմամբ, «դատարանում ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու ժամանակ Արայիկ Խանդոյանը հիմնական հարվածները ստացել է հենց գլխի շրջանում»։
Հիշեցնենք` հունիսի 28-ին «Սասնա ծռեր»-ի 14 անդամների գործով դատական նիստից հետո փաստաբանները հայտարարեցին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։
Ոստիկանությունը հերյուրանք որակեց այդ հայտարարությունները, պնդելով, թե իրավապահները «համաչափ ուժ են կիրառել»։ Գլխավոր դատախազությունն էլ նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներ վնասվածքներ են ստացել։ Ծեծի դեպքով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»։