Մատչելիության հղումներ

Օսիպյանը հերքում է «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանների՝ իրեն ուղղված մեղադրանքները


«Ես իմ գործառույթներն եմ իրականացնում այստեղ», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ արձագանքելով փաստաբանների այն պնդումներին, թե նա «Սասնա ծռեր»-ի գործով տուժող է և իրավունք չունի գտնվելու դատարանում։

«Դուք երևի նկատել եք առաջին օրվանից, որ ես ինձ թույլ չեմ տվել նիստերի դահլիճում գտնվել։ Մենք չգիտենք, թե ինչքան կտևի այս դատական նիստը, ի՞նչ է՝ ես պետք է այստեղ ծառայություն չկազմակերպե՞մ, ինձ թվում է՝ մեկը մյուսին չի խանգարում և չի խոչընդոտում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օսիպյանը։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր»-ի գործով անցած դատական նիստի ժամանակ փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ դատավորը չի կարողանում կառավարել նիստերը, այլապես դատարանի շենքում չէր գտնվի Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Փաստաբանը նաև ասաց, որ երբ պաշտպանները ընդմիջման ժամանակ փորձում են առանձին խորհրդակցել պաշտպանական մարտավարության շուրջ, Օսիպյանը գալիս-կանգնում է իրենց կողքին, ու երբ խնդրում են հեռանալ, չի հեռանում։

Արձագանքելով այս պնդումներին՝ Օսիպյանն այսօր ասաց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ «Մեկ դեպք է եղել այստեղ. ես ընկերոջս հետ կանգնած էի այստեղ, մի փոքր արև էր, մենք արևից պաշտպանվելու համար այստեղ էինք կանգնել, այնպես համընկավ, որ իրենք էլ էին այստեղ կանգնած։ Իրենց երևակայությունն է ուղղակի», - ասաց Երևանի փոխոստիկանապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG