Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել Մուշեղ Շուշանյանի նկատմամբ


Մուշեղ Շուշանյան

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դիմումի հիման վրա Փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ։

Ըստ Փաստաբանների պալատի հաղորդագրության, ոստիկանապետը նշել է, որ «Ազատության» հետ զրույցում փաստաբանը, մեկնաբանելով «Սասնա ծռեր»-ի գործով դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողությունները, իրավապահ մարմնի հասցեին հնչեցրել է անհարգալից արտահայտություններ:

«Փաստաբանի նմանօրինակ գործելաոճն ուղղակիորեն վնասում է իրավապահ ամբողջ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը և որևէ աղերս չունի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման հետ», - նշված է ոստիկանապետի դիմումում:

Մուշեղ Շուշանյանը այսօր «Ազատության» հետ զրույցում «անհեթեթ դատողությունների շարան» որակեց ոստիկանապետի գրությունը:

Հիշեցնենք, ավելի վաղ Շուշանյանն «Ազատության» հետ զրույցում մասնավորապես ասել էր. - «Ոստիկանությունը օրենքից դուրս գործող կառույց է։ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանությունն իրավապահ մարմին չէ, զինված հրոսակախումբ է, որը պատրաստ է կատարել ցանկացած հանցավոր հրաման»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG