Մատչելիության հղումներ

Վարչախումբն ամեն ինչ անում է «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը դռնփակ անցկացնելու համար. փաստաբան


Վարչախումբն ամեն ինչ անում է «Սասնա ծռեր»-ի գործով նիստը դռնփակ անցկացնելու համար։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ «ոստիկանության հատուկ գործողություն» որակելով այսօր դատարանի բակում տեղի ունեցած միջադեպը։

«Ոստիկանական գործողությունները, որ իրականացվեցին «Սասնա ծռեր»-ի գործով դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ, ես ոստիկանության հատուկ գործողություն եմ որակում։ Որովհետև ակնհայտ սադրիչ գործողությունների էին դիմում, այսինքն՝ առանձին ոստիկաններ հայհոյում էին «Սասնա ծռեր»-ի հարազատներին, համակիրներին։ Ամեն ինչ արվում էր, որ բախումներ հրահրվեն։ Պարզ է, որ եթե ոստիկանությունը նպատակ ուներ դիմելու սադրանքի, իրենք իրենց նպատակին հասան», - ասաց փաստաբանը՝ շարունակելով. - «Վարչախումբն ամեն ինչ ձեռնարկում է, փորձում է արհեստական հիմքեր ստեղծել՝ դատավարությունը դռնփակ ռեժիմում անցկացնելու, կամ գոնե դրա հրապարակայնությունը մաքսիմալ նվազեցնելու համար։ Վարչախումբն ամենից շատ սարսափում է, վախենում է էս դատավարության հրապարակայնությունից, որովհետև սա չի լինելու «Սասնա ծռեր»-ի դատավարություն, եթե սա լինի հրապարակային դատավարություն, սա լինելու է ռեժիմի դատավարություն»։

Շուշանյանի խոսքով՝ «Սասնա ծռեր»-ի անդամներն իրենց հայտարարություններով իրենք են դատավարություն նախաձեռնելու «էդ վարչախմբի դեմ»։ «Դրանով է պայմանավորված էս ոչ-ադեկվատ վարքագիծը, պահվածքը, որ նրանք դրսևորում են, իսկ ոստիկանությունը օրենքից դուրս գործող կառույց է։ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանությունն իրավապահ մարմին չէ, զինված հրոսակախումբ է, որը պատրաստ է կատարել ցանկացած հանցավոր հրաման», - ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, այսօր «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի մեկնարկին դատարանի շենքի մոտ միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների, դատարանի բակում հավաքված քաղաքացիների ու փաստաբանների միջև, բերման ենթարկվեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանի եղբայրը Դավիթ Եղիազարյանը։

«Տպավորություն է, որ ամեն ինչ արվում էր, որ սադրեին ժողովրդին, որպեսզի խժդժոցներ լինեին և անձինք դիմեին բռնությունների։ Իհարկե դա չիրականացավ և նույնիսկ այդ պայմաններում, փաստորեն, բերման ենթարկվեց Դավիթ Եղիազարյանը։ Նույնիսկ բերման ենթարկելուց առաջ մեզ համար ակնհայտ էր, որ կարծես ոստիկանները կենտրոնացել էին Դավիթի վրա, որովհետև ոստիկաններից մեկը սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս և, բացի դա, անընդհատ քաշքշում էին և, փաստորեն, նրան բերման ենթարկեցին՝ բիրտ ուժի գործադրմամբ, և երբ որ ես փորձեցի պարզել, թե ինչու են նրան բերման ենթարկում, բռնություն գործադրվեց նաև իմ նկատմամբ։ Երբ հայտարարեցի, որ նրա փաստաբանն եմ և ցանկանում եմ պարզել, թե ինչ է կատարվում, ինչու է նա բերման ենթարկվում և ուր է բերման ենթարկվում, ինձ ուղղակի չթույլատրեցին և մի կողմ հրեցին», - «Ազատության» հետ զրույցում պատմեց փաստաբան Լուսինե Սահակյանը։

Շուշանյանն էլ իր հերթին ընդգծեց. - «Ոստիկանության գործողություններն է'լ ավելի անօրինական ու բիրտ բնույթ են ստացել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG