Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործով երրորդ դատական նիստն այսօր տևեց մի քանի րոպե. դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ դատական նիստը հետաձգում է, քանի որ որոշ փաստաբաններ չեն մասնակցում նիստին։

Փաստաբաններն այս անգամ էլ հրաժարվեցին զննության ենթարկվել՝ պնդելով, որ դա ոչ թե զննություն է, այլ խուզարկություն, և կարգադրիչները նրանց թույլ չտվեցին մուտք գործել դատարան։

Մինչև դատական նիստի մեկնարկը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում և շենքից դուրս մի քանի միջադեպեր տեղի ունեցան։ Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել թե' դատարանի ներսում, թե' դրսում։

Նախ ոստիկանները դատարանի դահլիճից ուժով հեռացրեցին «Սասնա ծռերի» անդամներ Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին և Մխիթար Ավետիսյանին։ Դա զայրացրեց նրանց հարազատներին, և քաշքշուք տեղի ունեցավ նրանց ու ոստիկանների միջև։

Նիստից հետո Արեգ Կյուրեղյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պատմեց, որ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ ոստիկանները թույլ չէին տվել իր պաշտպանյալին գրություն հանձնել իրեն։ Ղարագյոզյանը կասկածներ ունի, որ դահլիճից հեռացված ամբաստանյալների նկատմամբ ոստիկանները բռնություն են գործադրել. - «Բռնություն գործադրելով երևի վեց ոստիկան նրանց ուժի գործադրմամբ տարան, և այնուհետև, Արեգ Կյուրեղյանն էր, ինչքան գիտեմ, գցեցին հատակին, ու հետագայում ներսից ձայներ էին գալիս»:

Մեկ այլ միջադեպ տեղի ունեցավ դատարանի միջանցքում։ Փաստաբաններից ոմանք այս անգամ ևս հրաժարվեցին մինչև դատարանի դահլիճ մտնելը զննության ենթարկվել՝ պնդելով, որ իրենց պայուսակների պարունակության ստուգումը խուզարկություն է։ Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի փաստաբան Լուսինե Սահակյանը պնդում էր, որ չի բացի պայուսակը։ Կարգադրիչների հետ բանավիճող փաստաբան Սահակյանը առաջարկում էր պայուսակը ստուգող սարք տեղադրել դատարանում, ինչը թույլ կտա առանց զննության պարզելու՝ պայուսակի ներսում արգելված իր կա, թե ոչ, ինչին կարգադիրիչները պատասխանում էին, թե նման սարք այս դատարանում չկա։ Ի վերջո, արձանագրություն կազմվեց նիստին չմասնակցելու մասին։

Նույնը տեղի ունեցավ նաև մյուս փաստաբանների հետ։ Զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հրաժարվեց անգամ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել։ Նա «Ազատությանն» ասաց, որ նման բան երբեք չի եղել, սա արվում է հենց քաղաքական գործերի դեպքում։

«Սովորաբար փաստաբաններին չեն զննում, անգամ անձը հաստատող փաստաթուղթը չեն ստուգում», - պնդեց Զաքարյանը: - «Օրենքը էդպես չի: Նրանք են էդպես փորձում ներկայացնել: Բայց բոլորս էլ ականատես ենք, որ բացի «Սասնա ծռերի» գործից և Ժիրայր Սեֆիլյանի գործից, մյուս գործերով ոչ մի խոչընդոտ չկա, որ անձը մուտք գործի դատարանի շենք և նստի դատարանի դահլիճում»:

Հաջորդ միջադեպը տեղի ունեցավ դատարանի շենքից դուրս։ Ոստիկանությունը բերման ենթարկեց «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանի եղբորը՝ Դավիթ Եղիազարյանին։ «Ազատության» հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ նրան բերման են ենթարկել ոստիկանին հարվածելու համար։

Փոխստիկանապետը նշեց, որ դատարանի դրսում սպասող քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել դատարան, քանի որ նիստերի դահլիճում բոլոր տեղերն արդեն զբաղեցված են. - «Այնտեղ մուտքը սահմանափակված է, ուղեփակոցներով ա կարգավորվում, նաև դատական կարգադրիչներն են որոշում` թույլ տան, թե թույլ չտան: Ժողովուրդը առաջ եկավ, փորձեց ճեղքել այդ մուտքը, ոստիկանները խնդրեցին, որ բոլորը մնան այնտեղ կանգնած, հանգիստ, սակայն հրաժարվեցին կատարել ոստիկանների պահանջները, արհեստական բախում ստեղծվեց»:

Օսիպյանին հակադարձեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։ Նա պատմեց, որ ոստիկաններն են հարձակվել քաղաքացիների վրա. - «Իրենք մեր նկատմամբ էլ ցուցաբերեցին անհարգանք, սկսեցին ձեռքերով խոսել, կոպիտ շատ խոսել: Ու մենք ականատես եղանք, թե ոնց քաղաքացուն անտեղի, ծեծելով-ջանդելով տարան»:

Երբ լրագրողները դա փոխանցեցին Օսիպյանին, նա արձագանքեց. - «Մատնանշեք տվյալ ոստիկաններին, դա ներկայացրեք, հանձնեք ձեր մտքերը թղթին, և ծառայողական քննություն կնշանակվի»:

Դատարանի բակում նաև այլ միջադեպ եղավ դատական նիստին մուտք գործելու թույլտվություն չստացած փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Արա Զաքարյանի եւ ոստիկանության կարմիրբերետավորների միջև։ Սահակյանը, մասնավորապես, փորձում էր մոտենալ բերման ենթարկվող քաղաքացուն։

Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկված Դավիթ Եղիազարյանը, ինչպես փոխանցեց նրա փաստաբան Մուշեղ Շուշանյանը, արդեն ազատ է արձակվել:

«Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբանները մտավախություն ունեն, որ նման միջադեպերով, սանկցիաներով իշխանությունը փորձում է հասնել նրան, որ դատն անցկացվի փակ, առանց ամբաստանյալների ու փաստաբանների:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռերի» այդ դատավարության 14 անդամները կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք են ոչնչացրել:

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 12-ին:

XS
SM
MD
LG