Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի առողջապահության նախարարը Կահիրեի հիվանդանոցում այցելել են Հուրգադա քաղաքում երեկ տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորված Հայաստանի քաղաքացիներին։ Այդ մասին Թվիթերում գրառմամբ հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:
Այսօր ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Հուրգադա հանգստավայրում երեկվա հարձակման հետևանքով վիրավորվածներին, այդ թվում՝ Հայաստանի երկու քաղաքացիներին, հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Երեկ Հուրգադայի հյուրանոցներից մեկում 28-ամյա հանցագործը դանակով հարձակվել էր օտարերկրացիների վրա, զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի, վնասվածքներ են ստացել երկու հայաստանցի, մեկ չեխ և մեկ ռուս զբոսաշրջիկներ: Հայաստանցի վիրավորներից մեկը վիրահատության է ենթարկվել:
Ըստ ԱԳՆ խոսնակի՝ Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ «Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ»,- երեկ հայտնել էր Բալայանը: