Մատչելիության հղումներ

Հուրգադայում հարձակման հետևանքով վիրավորվածներին կտեղափոխեն Կահիրե


Եգիպտոս - Տեսարան Հուրգադայից, արխիվ
Եգիպտոս - Տեսարան Հուրգադայից, արխիվ

Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում երեկ տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվածներին, այդ թվում՝ Հայաստանի երկու քաղաքացիներին, հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այդ մասին Թվիթերում գրում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Արմենպրես»-ը այսօր հաղորդում է, որ միջադեպի արդյունքում տուժած երկու հայաստանցիները կանայք են: Տիգրան Բալայանը գործակալությանը հայտնել է, որ նրանցից մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, իսկ մյուսին հավանաբար վաղը դուրս կգրեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղի հյուրանոցներից մեկում 28-ամյա հանցագործը դանակով հարձակվել էր օտարերկրացիների վրա, զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի, վնասվածքներ են ստացել երկու հայաստանցի, մեկ չեխ և մեկ ռուս զբոսաշրջիկներ: Հայաստանցի վիրավորներից մեկը ավելի վաղ վիրահատության է ենթարկվել:

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ «Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ»,- երեկ հայտնել էր Տիգրան Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG