Նախագահ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ է նշանակել Սահմանադրական դատարանի անդամ Վոլոդյա Հովհաննիսյանին, ՀՀ նախագահի ռեֆերենտ Արտյոմ Սեդրակյանին, կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանին և Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանին:
Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագիրը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Նախագահի այսօրվա կարգադրությամբ էլ հաստատվել է Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգը, որի նախագիծը քննարկվել էր Անվտանգության խորհրդի հունիսի 27-ի նիստում:
Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման և պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ փաստաթղթի հիմնական նպատակն է բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձևավորումը և զարգացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ ու բարեկեցիկ շրջակա միջավայրի, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարներով ապահովման ճանապարհով: