Մատչելիության հղումներ

Հայաստանում ընտրությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ մնում են և նույնիսկ խորանում. Նավասարդյան


Այն մարդիկ, որոնք գերադասում են ուշադիր կարդալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը և նաև մեծ կարևորություն տալ այն քննադատություններին, որոնք կան զեկույցում, կարող են եզրակացնել, որ իրոք Հայաստանում ընտրությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ մնում են և նույնիսկ խորանում: «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած վերջին զեկույցին, որտեղ նաև քննադատական դրույթներ կան ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Զեկույցում մասնավորապես նշվում է, որ «ընտրակաշառքի, քաղծառայողների վրա գործադրված ճնշումների, այդ թվում՝ դպրոցներում և հիվանդանոցներում, ինչպես նաև որոշ կուսակցությունների օգտին ձայն կորզելու նպատակով ընտրողների ահաբեկման մասին պնդումները մթագնել են ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքը»։

Նավասարդյանը նշում է, որ զեկույցը բավականին օգտակար փաստաթուղթ է, սակայն հարց է, թե ինչպես է Հայաստանը օգտվելու այդ փաստաթղթից։

«Եթե ուշադրություն է դարձվելու բոլոր մանրամասների վրա, ապա մենք լիքը, ինչպես ասում են, գործ ունենք անելու, եթե չենք ցանկանում անել և շեշտը դնելու ենք դրական գնահատականների վրա, ապա կարող ենք հանգստանալ և ասել, որ մենք հասել ենք ընտրությունների կազմակերպման այն մակարդակին, որ մեզ համար անհրաժեշտ է և համապատասխանում է Հայաստանի ժողովրդավարության ամենաբարձր նշաձողին», - ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը՝ շարունակելով. - «Ես գտնում եմ, որ այս ընտրությունների և նաև միջազգային կազմակերպությունների աջակցության հետ կապված հիմնական խնդիրները նրանում են, որ կարծես թե բոլոր թերությունները արձանագրվեցին դիտորդների կողմից, լրագրողների կողմից և այլն։ Բայց այդ դիտողությունները, բողոքները, դժգոհությունները համարյա որևէ արտացոլում չստացան ընտրությունների արդյունքներն ամփոփող պաշտոնական ատյանների կողմից՝ լինի դա ընտրական հանձնաժողովը, դատարանները, իրավապահ մարմինները և այլն»։

Հարցին, թե ինչքանո՞վ է այս զեկույցը հետաքրքիր հայաստանյան իշխանություններին, Նավասարդյանը պատասխանեց. - «Քանի որ չի արձանագրվել, փաստորեն, մեր իշխանությունների կողմից և չի ամրագրվել համարյա որևէ փաստ, որոնց հիման վրա տալիս է գնահատականը նաև ԺՀՄԻԳ-ը, դա խոսում է նրա մասին, որ իշխանությունները հակված չէին մեծ ուշադրություն դարձնել այն քննադատական մասերին, որոնք կան զեկույցի մեջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG