Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է հայաստանյան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը


Ընտրակաշառքի, քաղծառայողների վրա գործադրված ճնշումների՝ այդ թվում դպրոցներում և հիվանդանոցներում, ինչպես նաև որոշ կուսակցությունների օգտին ձայն կորզելու նպատակով ընտրողների ահաբեկման մասին պնդումները մթագնել են ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքը, ասված է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հայաստանյան ընտրությունների դիտորդական առաքելության կողմից երեկ երեկոյան հրապարակված վերջնական զեկույցում:

«Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները և ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը», - ասված է զեկույցում:

Դիտորդների գնահատմամբ, ընտրարշավում տեղ գտած այս խնդիրները և ընտրությունների օրը և դրանից հետո քվեարկության գաղտնիության վերաբերյալ հնչեցված նշանակալի կասկածները մտավախություններ են առաջացրել ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի իրացման կապակցությամբ:

«Իշխանությունները և քաղաքական ուժերը պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրեն ընտրությունների ազնվության նկատմամբ հասարակական վստահությունն ամրապնդելու համար, այդ թվում՝ հրապարակավ մերժելով քվեների առքուվաճառքը և քայլեր ձեռնարկելով, որպեսզի ընտրողների նկատմամբ ճնշումներ չգործադրվեն որոշակի ընտրական հանդիպումների մասնակցելու կամ որևէ կոնկրետ ձևով քվեարկելու համար», - ասված է զեկույցի՝ քարոզարշավին վերաբերող բաժնում:

Վերահաստատելով դեռ նախնական զեկույցի ժամանակ իրենց հնչեցրած դրական գնահատականներն այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, ընդհանուր առմամբ պահպանվել էին հիմնարար ազատությունները, իսկ ընտրությունների օրն անցել է հանգիստ և խաղաղ, օրվա ընթացքում նշանակալի միջադեպեր չեն արձանագրվել, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը, այդուհանդերձ փաստում է, որ միջազգային դիտորդները լարվածություն և ընտրողների ահաբեկման փորձեր են նկատել թե՛ ընտրատեղամասերում, թե՛ դրանցից դուրս:

Զեկույցում նաև ասվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջազգային դիտորդների հետ զրույցներում մտահոգություններ են հնչեցվել այն մասին, որ հասարակությունը դժկամություն է ցուցաբերում ընտրախախտումների մասին ահազանգելու հարցում, որը բացատրվում է բողոքներին ընթացք տալու գործընթացի արդյունավետության նկատմամբ անվստահությամբ:

«Դատական համակարգի, ընտրությունների կազմակերպման և իրավապահ համակարգի անկախության բացակայությունը և բողոքներին ընթացք տալու պրակտիկան կասկածի տակ են դնում իրավական ճանապարհով դրանց բավարարման արդյունավետությունը, ինչը չի համապատասխանում ԵԱՀԿ-ի նկատմամբ երկրի ստանձնած պարտավորություններին և Եվրոպայի Խորհրդի չափանիշներին:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG