Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան խնդիրը պետք է բացառապես լուծվի խաղաղ կարգավորման ճանապարհով. Շարմազանով


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ղարաբաղյան խնդիրը պետք է բացառապես լուծվի խաղաղ կարգավորման ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, երեք հայտնի սկզբունքների հիման վրա, որտեղ առանցքայինը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն է, ոչ թե տարածքային ամբողջականությունը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Արցախը ո'չ մի օր, ո'չ մի ժամ, ո'չ մի րոպե, ո'չ մի վայրկյան չի եղել անկախ Ադրբեջանի կազմում», - ասաց Շարմազանովը՝ շարունակելով. - «Առանցքը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»։

«Շարունակելու ենք պնդել և կոչ անել միջազգային հանրությանը, որպեսզի գործուն մեխանիզմներ բանեցնեն Ադրբեջանի վրա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն իրականացնելու ճանապարհով», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Հիշեցնենք, հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։

Էդվարդ Նալբանդյանը հերթական անգամ ընդգծեց շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը և այդ նպատակով շեշտեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

Հիշեցնենք՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում խախտումների քննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին: Այդ համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը քանիցս շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայկական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնում դրանք կատարել: Ադրբեջանը, մինչդեռ, խոչընդոտում է նման մեխանիզմների ներդրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG