Մատչելիության հղումներ

Նալբանդյանը կարևորել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, արխիվ

Համանախագահները խնդրել են նախագահներին փոխանցել այս տարվա ընթացքում գագաթնաժողով կազմակերպելու վերաբերյալ իրենց առաջարկը։

Երեկ հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Հայաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, երեկվա հանդիպմանը շարունակվել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:

Էդվարդ Նալբանդյանը հերթական անգամ ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը և այդ նպատակով շեշտել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

Հիշեցնենք՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել շփման գծում խախտումների քննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին: Այդ համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը քանիցս շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայկական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնում դրանք կատարել: Ադրբեջանը, մինչդեռ, խոչընդոտում է նման մեխանիզմների ներդրումը:

Բրյուսելում կայացած բանակցություններին է այսօր անդրադարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նա մասնավորապես հայտարարել է․ - «Բոլորին հայտնի է, որ ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանը բանակցությունները շարունակելու որոշ նախապայմաններ է ներկայացրել։ Ես արդեն այն ժամանակ ասում էի, որ սա Երևանի հերթական հիմարությունն է, և որ վաղ թե ուշ նրանք նորից վերադառնալու են բանակցային սեղանի շուրջ, պարզապես հերթական անգամ կզրկվեն հարգանքից, որն առանց այդ էլ չունեն: Այդպես էլ եղավ։ Երեկ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, բանակցային գործընթացը վերականգնվել է, հայկական կողմի և ոչ մի նախապայման չի ընդունվել, բանակցությունները շարունակվել են առանց որևէ նախապայմանի»։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանը Մամեդյարովը հերթական անգամ ընդգծել է, որ շփման գծում լարվածությունը մեղմելու համար անհրաժեշտ է «համանախագահների ծրագրի համաձայն դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Ամեն դեպքում, բրյուսելյան հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել, որ Նալբանդյանի ու Մամեդյարովի հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, և որ աշնանը համանախագահները նորից կայցելեն տարածաշրջան։

Հանդիպմանը հետևել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է․ - «Նախարարները համաձայնեցին իրենց նախագահներին փոխանցել այս տարի ավելի ուշ բարձր մակարդակի հանդիպման՝ համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց աջակցությունն առաջարկեցին այդ հանդիպումը կազմակերպելու հարցում»: Քննարկվել է նաև ներկայիս իրավիճակը շփման գծում, նշում են միջնորդները՝ առանց մանրամասներ հաղորդելու:

Երեկ ավելի վաղ դեռ Մաուէրբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպման շրջանակներում, կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Հանդիպման օրակարգում էր նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։

Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։

Ղարաբաղում ստեղծված լարված իրավիճակի մասին երեկ ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կողմերին զսպվածության և արդեն առկա պայմանավորվածություններին հետևելու կոչ է արել։

Հավելենք, որ հուլիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում ղարաբաղյան խնդիրը քննարկել էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG