Մատչելիության հղումներ

Զուրաբյան. «Մենք չեն կարող մեր գործողություններով թույլ տալ երկրի ապակայունացում»


«Ո՛չ, չեմ համարում, որ ժողովուրդը կարող է այդ բանն անել», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ժողովուրդն այսօր նույն եռանդով կաջակցի՞ «Ժառանգության»-ը, ՀԱԿ-ին։

«Եկեք մի կողմ դնենք անձը և առաջարկվող գաղափարը քննարկենք. եթե ես ճիշտ եմ հասկանում, առաջարկվում է, որ ինչ-որ համախմբում կատարել ժողովրդի՝ կապված Սերժ Սարգսյանին ապրիլի 9-ին իշխանությունից հեռացնելու շուրջ՝ մյուս տարվա ապրիլի 9-ին, երբ որ ավարտվում է նրա նախագահական ժամկետը։ Գաղափարն այն է, որ թույլ չտալ, որ ինքը վերարտադրի իր իշխանությունը վարչապետի պաշտոնում, կամ որևէ այլ սխեմայով», - ասաց Զուրաբյանը։

Հարցին, թե համախմբում տեղի կունենա՞, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. - «Գիտեք, նախ ես կարծում եմ, որ ղարաբաղյան խնդրի ճնշումը շատ ավելի լուրջ քաղաքական գործընթացների մղիչ է, քան՝ ներքին քաղաքական պայքարը, սա մեկ, երկրորդը՝ ամեն ինչ կառուցել մեկ օրվա քաղաքականության վրա, այսինքն՝ «եկեք կամաց-կամաց համախմբվենք, որ ապրիլի 9-ին թույլ չտանք, կամ ինչ-որ մի պրոցես անենք, որը թույլ չի տա նրան վերարտադրվել», դա ունի մի շարք կարևոր վտանգ՝ իսկ, եթե այնուամենայնիվ ինքը վերապրի՞ այդ ապրիլի 9-ը և հաստատվի՞, հետո ի՞նչ, նորից պետք է համարել, որ մի մեծ քաղաքական ծրագիր ձախողվե՞ց, ժողովուրդին նորից պատի հիասթափության ու հուսահատության ալի՞քը։ Կարծում եմ, որ այդպես պետք չի վարվել, գոնե պետք չէ ամեն ինչ կառուցել այդ մի օրվա վրա, բայց սա չի կարելի բացառել։ Ավելի ճիշտ գնահատականները մենք կտանք ժամանակի ընթացքում, բայց խնդիրը իհարկե մեր առաջ դրած է», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Հիշեցնենք, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չէր բացառել, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու որոշումը կարող է փողոցային պայքարի առիթ դառնալ, ինչն էլ հնարավոր է հանգեցնի «թավշյա հեղափոխության»: Հովհաննիսյանը համագործակցության առաջարկ էր արել քաղաքական ուժերին` հորդորելով պայքարել «սերժապետության դեմ»:

Զուրաբյանը նշեց, որ իրենք չեն կարող իրենց գործողություններով թույլ տալ երկրի ապակայունացում։

«Իհարկե այն, ինչ-որ կատարվում է Հայաստանում՝ այս կոռումպացված համակարգը, որը ոտնահարում է մարդու իրավունքները, որը մերժում է ժողովրդին՝ սեփական իշխանությունը ընտրելու գործում, էս համակարգը պետք է ապամոնտաժել, էս համակարգից պետք է ազատվել։ Հենց մեր մոտեցումը դա է եղել, որ այո՛, գնանք արմատական, առճակատային պայքարի, բայց կա սահման, այդ սահմանն, այն սահմանն է, որ մենք չենք կարող մեր գործողություններով թույլ տալ երկրի ապակայունացում, որը կզրկի նրան պաշտպանունակության պատշաճ մակարդակից։ Սա խնդիր է, և այս խնդրից օգտվում է իշխանությունը՝ շատ անբարոյական ձևով, այսինքն, նրանք՝ հասկանալով, որ իրենց դեմն ունեն այդպիսի ընդդիմություն, որը ռացիոնալ է, որը երբեք վտանգի տակ չի դնի երկրի ճակատագիրը, շատ իրենց ավելի մեծ բաներ են թույլ տվել նույն այդ ընդդիմության դեմ, շատ ավելի իրենց առանց որևէ սահմանների, արգելակների գործողություններ են թույլ տվել՝ շատ լավ հասկանալով, որ այդ սահմանը մենք չենք անցնի։ Ինչ արած, այդ պրոբլեմը կա և, կներեք, իշխանափոխության հարցը Հայաստանում չի լուծվում նաև այդ պատճառով», - ասաց Զուրաբյանը։

Հարցին, թե իշխանափոխության արմատական տարբերակը երբեք չի՞ լինի, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. - «Ես չեմ ասում, որ երբեք չի լինելու, մենք փորձել ենք այդ թավշյա հեղափոխությունը 2008 թվականին, 2011 թվականին, մենք փորձել ենք առանց ապակայունացման սահմանն անցնելու այդ գործընթացն անել, փորձը ցույց տվեց, որ դա չհաջողվեց, կարող է հետո հաջողվի, բայց այդ սահմանափակումը մեզ վրա միշտ դրված է լինելու քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG