Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» պատրաստվում է թավշյա իշխանափոխության


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համագումարում, 25-ը հունիսի, 2017թ․
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համագումարում, 25-ը հունիսի, 2017թ․

«Առաջիկա հինգ տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը ստիպում է մեզ պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության», - հայտարարում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը՝ այսօրվա համագումարում ընդունած հռչակագրում:

Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մանրամասնեց՝ փողոցային պայքարի առիթը կարող է լինել 2018-ին Սերժ Սարգսյանի որոշումը՝ մնալ իշխանության մեջ նախագահականից տեղափոխվելով, օրինակ, Կառավարություն:

«Կասկած չունեմ, որ ինքը [Սերժ Սարգսյանը], հենվելով կեղծված հանրաքվեի և հետո կեղծված ընտրությունների վրա, այս պաշտոնով կամ այն պաշտոնով պիտի ուզենա երկարաձգել իր ցարական իշխանությունը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը: - «Եվ ուրեմն՝ նախապատրաստվենք, համագործակցենք, գտնենք բանաձևեր պայքարելու, որ վերջապես ունենանք մեր ուզած հանրապետությունը, ոչ թե կուսակցապետություն կամ սերժապետություն», - հավելեց նա:

«Ժառանգությունը» ամռան ամիսներին բանակցելու է այլ ուժերի հետ լայն կոնսոլիդացիա՝ ընդդիմադիր մեծ ճակատ ձևավորելու շուրջ:

«Միատեղելու ենք ջանքերը՝ համախմբելու բոլոր իրապես ընդդիմադիր ուժերին ընդդեմ կուսակցապետության ու ոստիկանապետության»,- ասված է կուսակցության հռչակագրում:

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է նաև կուսակցությունների միավորում․ - «Քանի դեռ ունենք փաստացի գործող այս օրենսգիրքը, անգամ ամենամեծ ժողովրդականություն վայելող կուսակցությունը կամ գործիչը պիտի գնա խոշորացման, մեծացման, համագործակցության: Եվ դրա համար մենք բաց ենք համագործակցության խորհրդարանական, նաև արտախորհրդարանական ողջ զանգվածի հետ, որը տեսնում է, որ այսպես շարունակել չի կարելի: Մենք ունենք տարբերանշան և հավատամք, որը ինձ համար շատ թանկ է՝ «Ժառանգություն», բայց նաև մենք դեպի ապագա ենք տանում և մեզ համար ավելի կարևոր է պայքարի էությունը և համախմբվածության, քան թե անվանումը»:

«Ժառանգությունն» այսօր 15-հոգանոց նոր վարչություն ընտրեց՝ առաջին անգամ առանց Զարուհի Փոստանջյանի և Անահիտ Բախշյանի: Րաֆֆի Հովհաննիսյանը վերընտրվեց կուսակցության նախագահ:

Կուսակցության համագումարին մասնակցում էին խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» գործընկերները:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կողմ է լայն համախմբմանը, առայժմ չակերտներ չի բացում՝ արդյոք մեկ կուսակցության ձևաչափով, նշելով, որ՝ «համագործակցությունը, մտերիմ հարաբերությունները միանշանակ շարունակվելու են»:

Սեյրան Օհանյանը չասաց նաև՝ փողոցային պայքար կնախաձեռնի՞, եթե Սերժ Սարգսյանը որոշի իշխանությունը ձեռքում պահել Բաղրամյան 26-ում պաշտոնավարման ժամկետից հետո․ - «Ես չգիտեմ, թե ով է լինելու Կառավարությունում, ով է լինելու իշխանությունում: Ինձ համար մեկ է: Կարևորն այն է, որ իշխանությունը համապատասխան գործունեություն ծավալի, մեր երկիրը առաջ ընթանա: Ձևավորվել է այսօրվա իշխանությունը, ունենք այն, ինչ ունենք, իր բոլոր՝ շատ չնչին դրական և մեծամասնությամբ բացասական երևույթներով: Բայց պատասխանատվություն, և ամենակարևորը՝ հաշվետվողականություն պետք է լինի ժողովրդի առջև: Եթե իշխանությունը այդ ամենը չիրականացնի, ապա ժողովուրդը պետք է որոշի, դուրս գա և պահանջի, որպեսզի նրանք կա՛մ աշխատեն, կա՛մ իրենց տեղը զիջեն»:

Ազգային ժողովի ընտրություններում «Ժառանգության» մյուս դաշնակից՝ «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանն առայժմ չի քննարկել քաղաքական ուժերի խոշորացման սցենարը: Հարցին՝ կողմ կլինի՞ որ «Համախմբումն» ու «Ժառանգությունը» մեկ կուսակցություն դառնան կամ 2018-ին փողոցային պայքար սկսեն, Օսկանյանը պատասխանեց․ - «Ես հիմա որևէ մեկնաբանություն տալու պատրաստ չեմ: Այսօր «Ժառանգության» օրն է, շնորհավորում ենք նրանց»:

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները համագումարին չէին մասնակցում, թեև Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց՝ նրանց համարում է ընդդիմադիր՝ հիմք ընդունելով, որ դեմ են քվեարկել Կառավարության ծրագրին ու համագործակցությունն այս ուժերի հետ ցանկալի է:

Կուսակիցների և հյուրերի առջև իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը հավաստիացրեց՝ ո՛չ քաղաքականությունից, ո՛չ էլ Հայաստանից չի հեռանալու՝ ինչքան էլ մամուլը գրի: - «Ես որոշ մարդկանց պետք է հուսախաբ անեմ, որովհետև մենք Հայաստանից գնացողը չենք», - շեշտեց «Ժառանգության» առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG