Մատչելիության հղումներ

Անթույլատրելի է սեփական քաղաքացիներին դարձնել վահան. Շարմազանով


«Անթույլատրելի է սեփական քաղաքացիներին դարձնել վահան, այնուհետև պախկվել այդ քաղաքացիների թիկունքում», - երեկ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ադրբեջանի ակտիվությունը, այլ կերպ ասած՝ ահաբեկչական և ապակառուցողական գործողությունները կապված են այն փաստի հետ, որ Ադրբեջանը բանակցություններում մտել է փակուղի։ Նա չի կարողանում իր մեջ ուժ և կամք գտնել՝ իրականացնելու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և դրա համար սկսում է առիթներ փնտրել, և առիթներից մեկը նաև պարբերաբար շփման գծում արհեստական լարումներն են», - հայտարարեց Շարմազանովը։

Ըստ ՀՀԿ խոսնակի, երկու կողմերի զոհերի քաղաքական պատասխանատուն և մեղավորը բացառապես Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է։

«Ես վերջերս Չեխիայում և Սլովակիայում հայտարարել եմ, որ երկու կողմերի զոհերի՝ թե՛ խաղաղ բնակիչների մոտ, թե՛ զինվորների շրջանում, քաղաքական պատասխանատուն և մեղավորը բացառապես Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է», - նշեց Շարմազանովը՝ շարունակելով. - «Անթույլատրելի է սեփական քաղաքացիներին դարձնել վահան, այնուհետև պախկվել այդ քաղաքացիների, մանկահասակ երեխայի թիկունքում, որպեսզի քո սեփական ահաբեկչական բովանդակությունն ու էությունը քողարկես»։

Հիշեցնենք, հուլիսի 4-ին երեկոյան Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդեց, որ տարբեր հատվածներում ադրբեջանական զինված ուժերը կեսօրից սկսել են արկակոծել հայկական դիրքերը, իսկ արդեն երեկոյան Ֆիզուլիի ուղղությամբ գտնվող Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից հրթիռակոծել են հայկական զորամասերից մեկի հրամանատարական կետը։

Այնուհետև Պաշտպանության բանակը հայտնեց, որ պատասխան գործողությունների է անցել և հարվածել Ալխանլու գյուղում գտնվող կրակակետին։ Ադրբեջանական լրատվամիջոցները նույն օրը ուշ երեկոյան հաղորդեցին, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով Ալխանլու գյուղում զոհվել են 50-ամյա կին և 2 տարեկան երեխա, ևս մեկ կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG