Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Սիրիայի հարցում համագործակցության Միացյալ Նահանգների առաջարկը «քայլ է ճիշտ ուղղությամբ», սակայն դեռևս հավելյալ տեղեկատվության կարիք կա թռիչքազերծ տարածքներ սահմանելու մասով։
«Մենք հարցրել ենք, բայց դեռևս պատասխան չենք ստացել, թե ԱՄՆ-ը ինչ է ենթադրում թռիչքազերծ տարածքներ ասելով, քանի որ սրա մասին խոսակցություն չի եղել», - ասել է Լավրովը երեկ Փարիզ այցի ընթացքում։
Ներկայումս Ռուսաստանը փորձում է Իրանի և Թուրքիայի հետ առաջ տանել մի ծրագիր, ըստ որի՝ Սիրիայում պետք է ստեղծվեն 4 «դեէսկալացիոն գոտիներ», որտեղ օդային հարվածները արգելված կլինեն։
Հուլիսի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել հնարավորությունները կայունության ապահովման համատեղ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, այդ թվում նաև՝ թռիչքազերծ գոտիների»: