Մատչելիության հղումներ

Սիրիայում բուֆերային գոտիներում ռուսական ռազմական ոստիկանների տեղակայումը «չի բացառվում»


Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտև, արխիվ
Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտև, արխիվ

Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը չի բացառել, որ Սիրիայում բուֆերային գոտիներում տեղակայվեն ռուսական ռազմական ոստիկաններ: Այդ մասին հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Դեռ վաղ է խոսել ռուսաստանցի դիտորդների մասին, բայց ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ բուֆերային գոտիներում լինեն ռազմական ոստիկաններ: Սակայն հարցը դեռ վերջնականապես համաձայնեցված չէ», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Նրա փոխանցմամբ՝ դա հնարավոր կլինի միայն եթե ստորագրվի անվտանգության գոտիների մասին փաստաթուղթը: Ստորագրելուց հետո ռուսական ռազմական ոստիկանները մի քանի շաբաթում արդեն կլինեն Սիրիայում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անվտանգության առաջին և երկրորդ գոտիների հարցերը արդեն կարգավորված են, որոշ չհամաձայնեցված հարցեր կան Իդլիբի և հարավային գոտու հետ կապված:

Հիշեցնենք, հուլիսի 4-ին Ղազախստանի մայրաքաղաքում սկսվել է Սիրիայի հարցով բանակցությունների հինգերորդ փուլը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև ՄԱԿ-ի պատվիրակության մասնակցությամբ: Միացյալ Նահանգներն ու Հորդանանը բանակցություններին ներկա են դիտորդի կարգավիճակով:

Ավելի վաղ՝ հունիսի 24-ին Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Թիմուր Ջումակադիրովը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդում քննարկվել է Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը և Տաջիկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG