Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ընդունեց Սևանից ջրառը ավելացնելու օրինագիծը


Հաշվի չառնելով բնապահպանների մտահոգությունները՝ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանից ջրառը 100 միլիոն խորանարդ մետրով ավելացնելու օրինագիծը։

Սևանից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է: Կառավարությունն ուզում է այս տարի լճից բաց թողնել մինչև 270 մլն խորանարդ մետր:

Նախագծին դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը: Կողմ էին Հանրապետականի, Դաշնակցության և ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները: Երկրորդ ընթերցման ժամանակ նույնիսկ ելույթներ չհնչեցին, իսկ քննարկումը 10 րոպեից քիչ տևեց։

«Կողմ 77, դեմ 4, ձեռնպահ չկա: Որոշումը ընդունվել է», - քվեարկության արդյունքները հրապարակեց Ազգային ժողովի նախագահը:

Հարցը ներկայացնող Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի խոսքով, հավելյալ ջուրը ոռոգման նպատակներով է բաց թողնվելու, այլապես շուրջ 130 հազար գյուղացիներ կկանգնեն խնդիրների առջև:

«Օրենքի նախագծի ժամանակավոր ծրագրի հավելվածում առավել ընդգծվել են լրացուցիչ ջրառի հիմնական նպատակները և այն պատշաճորեն հիմնավորվել են լոկ որպես գյուղատնտեսական նշանակության անհրաժեշտություն», - այսօր ասաց Հարությունյանը:

Կառավարությունը խոստանում է, որ լրացուցիչ ջրառի պատճառով չի խախտվի օրենքով սահմանված Սևանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշիռը:

Խորհրդարան ներկայացված նախագծում նշված էր, որ այս տարվա հունիսի 19-ին, նախորդ տարվա նույն օրվա դրությամբ, Սևանի մակարդակն ավելացել է 18 սմ-ով: Հաշվարկել են, որ ևս 100 մլն խմ ջրաքանակ բաց թողնելու դեպքում լճի մակարդակը կիջնի մինչև 8 սմ-ով, բայց նույնիսկ այդ պարագայում կպահպանվի ջրի մակարդակի շուրջ 10 սմ բարձր նիշ:

Բնապահպանական հարցերով զբաղվող Civil Voice կազմակերպության անդամ Սեյրան Մինասյանը կառավարության հավաստիացումներին չի վստահում: Նախորդ երկու դեպքերում՝ 2012 և 2014 թվականներին, նրա խոսքով, հավելյալ ջրառի հետևանքով ջրի մակարդակի բացասական նիշներ են արձանագրվել:

Մինասյանը համոզված է, որ եթե հավելյալ 100 միլիոն խորանարդ մետրն ամբողջությամբ բաց թողնվի, այս տարի նույնպես բացասական ցուցանիշ կգրանցվի․ - «Շատ սովորական հաշվարկների վրա է դա հիմնված․ հունիսի 17-ի դրությամբ բերում էին, որ 18 սանտիմետր էր տարբերությունը, ամսի 30-ի արդեն տարբերությունը ընդամենը 13 սանտիմետր էր անցած տարվա նիշի վրա: Ընդ որում, բաց էր թողնվել 85 միլիոն ընդամենը, օրենքով նախատեսված 170 միլիոնից: Մոտավորապես 6 սանտիմետր դրական բալանս կմնար: Եթե 100 միլիոն վերցնեն, 100 միլիոնը առնվազն 8 սանտիմետր է, ինչպես նշված է իրենց նախագծում: Այսինքն նվազագույն 2 սանտիմետր բացասական բալանս․ դա երաշխավորված է՝ եթե 100 միլիոնը վերցնեն»:

Իսկ եթե ցուցանիշը բացասական եղավ, ըստ Մինասյանի, կարագանան ճահճացման պրոցեսներն ու մի քանի անգամ կերկարի լճի էկոհամակարգի վերականգնման համար անհրաժեշտ ժամանակահատվածը․ - «Դա կենդանի օրգանիզմ է, դա էկոհամակարգ է: Դրա վրա չի կարելի էդքան էքսպերիմենտներ դնել»:

Բնապահպանական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ թղթի վրա գրել են, բայց իրականում «Սևանին վերաբերող ազգային ստրատեգիա չկա, հարցերը լուծվում են պահի թելադրանքով»:

Սեյրան Մինասյանն իհարկե չի բացառում, որ հավելյալ ջրառն իսկապես գյուղատնտեսական նպատակներով է կատարվում: Բայց նրան հանգիստ չեն տալիս ջրի ահռելի կորուստները:

Ընդդիմադիր «Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանը երկու օր առաջ օրինագծի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ ոռոգման համակարգում ջրի կորուստները կազմում են մոտ 55 տոկոս։ Կառավարության ներկայացուցիչը հաստատեց պատգամավորի հրապարակած թիվը:

«Հայաստանում էնքան ջուր կա, որ Սևանի կարիքը ընդհանրապես չէր լինելու ոռոգման համար: Է հա, որ ջուրը վերցնեն ու կեսը կորցնեն, պարզ է, որ նորից Սևանից պիտի վերցնեն: Այսինքն իրանց չարածը, գյուղացիներին էլ բերում են որպես պատճառ, որպես տուժող, որպես թիրախ, և հավելյալ ջուր են նորից փորձում վերցնել, փոխանակ հնարավորինս քիչ կորուստներով էդ ջուրը գյուղացիներին հասցնեն»:

Ի դեպ, Civil Voice կազմակերպության անդամ Սեյրան Մինասյանը այսօր պնդում էր, որ ուզում է, բայց չի կարողանում ծանոթանալ Սևանից հավելյալ ջրառ իրականացվնելուն վերաբերող ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը․ - «Այդ հանձնաժողովը՝ Յուրի Ջավադյանի գլխավորությամբ, ոչ թե Սևանի համար է փորձագիտական հանձնաժողով, այլ Կառավարության և Ջրպետկոմի համար հավելվալ ջրառները օրինականացնող մարմին է ընդամենը»:

XS
SM
MD
LG