Մատչելիության հղումներ

«Սերունդների բաժինն են ուտում»․ Բնապահպանները բողոքում են Սևանից լրացուցիչ ջրառի ծրագրի դեմ


Բնապահպան ակտիվիստները բողոքի ցույց են անում ԱԺ-ի դիմաց՝ ընդդեմ Սևանից լրացուցիչ ջրառի ծրագրի, 4-ը հուլիսի, 2017 թ․
Բնապահպան ակտիվիստները բողոքի ցույց են անում ԱԺ-ի դիմաց՝ ընդդեմ Սևանից լրացուցիչ ջրառի ծրագրի, 4-ը հուլիսի, 2017 թ․

Մի խումբ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա իրականացրին խորհրդարանի շենքի դիմաց՝ պատգամավորներից պահանջելով չընդունել Սևանից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին օրենքի նախագիծը։ Բնապահպանները վստահ են՝ իշխանություններն այս քայլով փորձում են պարազապես շահույթ ապահովել էլեկտրաէներգիա արտադրող «Սևան-Հրազդան» կասկադի համար։

«Վարչապետը դեռ 3 ամիս առաջ հանձնարարական է տվել, որ Սևանում իբր 1 միլիարդ խմ հավելյալ ջուր է հավաքվել, և պետք է այդ ջուրը տնտեսապես ճիշտ օգտագործելու մեխանիզմներ մշակել ու 3 տարվա ընթացքում օգտագործել: Չգիտեմ, թե ով է վարչապետին նման խորհուրդ տվել, բայց ով նման խորհուրդ է տվել, հանցագործ է: Եթե այդ պլանն իրագործվի, դա կլինի հանցագործություն», «Էն, ինչ բաց են թողնում, դրա կեսը կորչում է, պարզ է, որ բնության մեջ այդ ջուրը չի կարող կորչել, դա այլ կոռուպցիոն ռիսկ է, դրա հաշվին էլ շահույթ են ստանալու, էլեկտրաէներգիա են արտադրելու, և դա գնալու է ինչ-որ մեկի գրպանը»,- «Ազատությանն» ասացին ակցիայի մասնակից բնապահպանները:

Ըստ նախագծի, լրացուցիչ ջրառից ռուսական ընկերությանը պատկանող կասկադը տարեկան մոտ 100 միլիոն կՎտ հավելյալ էլէներգիա կարտադրի։ Բնապահպանները չեն հավատում կառավարության հավաստիացմանը, թե առաջացած եկամուտը փոխանցվելու է պետության արտաբյուջետային հաշվին․ «Դա էլ է աբսուրդ, որովհետև այդ կազմակերպությունները մասնավոր ընկերություններ են, ո՞նց են օրենքով այդ գումարը տանում արտաբյուջետային հաշիվ: Դա պարզ չի: Երկրորդ՝ այդ հաշվի գումարները ո՞նց են ծախսվելու»:

Ավելի քան 70 բնապահպանական կազմակերպությունների կողմից ստեղծված «Սոս Սևան» նախաձեռնության անդամները պնդում են, որ լճից լրացուցիչ ջրառը լուրջ վնաս է հասցնելու Սևանի էկոհամակարգին, սկսվելու է նեխման պրոցես, վտանգվելու է ձկնատեսակների գոյությունը։ «Կառավարությունն աչքը տնկել է բնական ռեսուրսների վրա, որը մերը չի: Այս բնությունը մենք որպես ժառանգություն չենք ստացել, այլ պարտք ենք ստացել մեր սերունդներից, և այսօր ուտում են սերունդների բաժինը, հատկապես բնական ռեսուրսների մասով»,- ասաց բողոքի գործողության մասնակիցներից մեկը:

Պատգամավորներից որևէ մեկն այսօր բնապահպան ակտիվիստներին չմոտեցավ։ «Սոս Սևան» նախաձեռնության անդամներից մի քանիսը երեկ ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը ներկայացրել են իրենց մտահոգությունները, սակայն հույս չունեն, որ օրենքը չի ընդունվի․ «Խայտառակ իրավիճակ է, էստեղի մարդիկ սպառողական լոգիկա ունեն, իրենք մտածում են՝ ինչքան շատ սպառեն, ինչքան շատ վերցնեն էս երկրից, էնքան լավ կլինի իրենց սեփական գրպանի համար»:

Բնապահպանների համոզմամբ, Սևանից բաց թողնվող ջուրը շարքային գյուղացիներին գրեթե չի հասնում, թեև օրինագծի հիմնավորման մեջ կառավարությունը հակառակն է պնդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG