Մատչելիության հղումներ

Սևանից լրացուցիչ ջրառի նպատակը «ռուսական ՀԷԿ-երի համար շահույթ ապահովելն է»․ «Սոս Սևան»


Սևանա լիճը, արխիվ

Կառավարության ներկայացուցիչը հակադարձում է՝ եթե անգամ ռուսական ընկերության շահույթն ավելանա, այն կուղղվի պետությանը: Պաշտոնյան, սակայն, չի կարողանում պարզաբանել, թե իրավաբանորեն դա ինչպես կարող է տեղի ունենալ:

Բնապահպանների պնդմամբ, Սևանա լճից տարեկան լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախաձեռնության հիմնական պատճառներից մեկը ռուսական կապիտալով աշխատող ՀԷԿ-երի համար հավելյալ շահույթներ ապահովելն է:

Մոտ 5 տասնյակ կազմակերպությունների կողմից ստեղծված՝ «Սոս Սևան» նախաձեռնությունը մտադիր է բողոքի ակցիաների միջոցով խորհրդարանին պարտադրել՝ չընդունել լրացուցիչ ջրառի մասին կառավարության ներկայացրած նախագիծը։ Բնապահպանները հայտարարում են՝ իրականում լճից բաց թողնվող ջրի միայն չնչին մասն է հասնում գյուղացիներին։

«Տարիների ընթացքում մենք հասկացանք, որ լրացուցիչ ջրառը (արդեն 4 անգամ) չի նպաստում ոռոգման խնդիրների լուծմանը, դա միանշանակ: Ուրեմն՝ մնում է այդ հիդրոկասկադը», ««Սևան-Հրազդան» կասկադի արագահոս հատվածում նորմատիվային կորուստը պետք է լիներ 7 միլիոն խմ , հիմա հանկարծ պարզել են, որ 7 չի, այլ 18: Ստացվում է, որ այդ արագահոս հատվածում տարեկան 42,7 միլիոն խմ ջուր է կորում, ամեն տարի», «Իհարկե, նպատակները կարծես այլ են՝ ավելի շատ էներգետիկ նպատակներ են, բավական է նայել ֆիննախի պատասխանը, որտեղ իրենք գոհունակություն են հայտնում, թե ինչքան գումար կմտնի բյուջե»,- այսօր հայտարարեցին նախաձեռնության անդամ բնապահպանները:

Այն, որ լրացուցիչ ջրառի շնորհիվ ռուսական ընկերությունում մոտ 100 միլիոն կՎտ ավելի էլեկտրաէներգիա կարտադրվի, արձանագրված է նաև օրենքի նախագծում։ Դրա հեղինակ՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, սակայն, վստահեցնում է՝ ազգային հարստության հաշվին առաջացած շահույթը ռուսական ընկերությանը չեն թողնելու: «Եթե նույնիսկ շահույթ առաջանա, ակնկալում ենք, որ դա գալու է պետությանը, որեէ մեկին հաճոյանալու խնդիր չունենք»,- ասաց Հարությունյանը: Հարցին՝ ինչպե՞ս եք մասնավոր ընկերությանը հարկադրելու՝ իր շահույթը տալ պետությանը, պաշտոնյան արձագանքեց․ «Ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, բայց կան տարբերակներ և դրանք քննարկվում են»:

Հաջորդ շաբաթ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկելու է Սևանի վերաբերյալ կառավարության հիշյալ նախագիծը, համաձայն որի՝ առաջիկա տարիներին լճից 170 միլիոն խմ-ի փոխարեն բաց կթողնվի 270 միլիոն խմ ջուր։ Բնապահպաններն ու Սևանի ափամերձ համայնքների բնակիչները հայտարարում են, որ կառավարությունն իրենց կարծիքը հաշվի չի առել, և մշակված նախագիծը «դուրս է տրամաբանությունից»։ Բնապահպանների պնդմամբ՝ այդ ծրագրի իրագործման հետևանքով Սևանը էկոլոգիական աղետի առջև կկանգնի, կսկսվի նեխման պրոցես, կվտանգվի ձկների գոյությունը։ Ջրպետկոմի մշակած նախագծում, մինչդեռ, ընդամենը մեկ նախադասությամբ արձանագրվել է՝ բացասական հետևանքներ չեն լինի։

Սևանի ափամերձ համայնքների բնակիչների կարծիքով, հավելյալ ջրառի նպատակներից մեկն էլ լճի ափին կառուցված՝ պաշտոնյաներին պատկանող շքեղ առանձնատներն ու հյուրանոցները փրկելն է։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը չի ընդունում նման պնդումները, հակադարձելով՝ առաջնորդվել են բացառապես գյուղացիների շահերով։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նաև վստահեցնում է՝ չնայած լրացուցիչ ջրառին, Սևանի մակարդակը կշարունակի բարձրանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG