Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի գործով դատական նիստը կրկին անցավ լարված մթնոլորտում


Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը դատարանի դահլիճում: 13-ը հունիսի, 2017 թ․

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այսօր տեղի ունեցավ Ժիրայր Սեֆիլյանի գործով հերթական դատական նիստը:

Շուրջ 7 ժամ տևած նիստն ընդմիջվեց 7 անգամ՝ հիմնականում ամբաստանյալների ու նրանց փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառելու որոշումները քննարկելու համար:

Մինչև նիստի մեկնարկը Գևորգ Սաֆարյանի ու Ժիրայր Սեֆլիյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարան մտնելիս կրկին դժգոհեց, որ իրեն զննության են ենթարկում:

«Եթե կարգն է այդպիսին, ուրեմն խտրական վերաբերմունք մի դրսևորեք և մեղադրող դատախազներին ու դատավորին նույնպես զննեք․․․ Սա խուզարկություն է», - ասաց նա:

Միջադեպին հետևում էին այսօր դատարան եկած Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ու Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Վերջինս շուրջ 5 րոպե կողքից հետևելուց հետո, մոտեցավ ու միջամտեց, և միայն դրանից հետո Փոլադյանը թույլատրեց փաստաբան Հայրապետյանին ներս մտնել:

Նիստի մեկնարկից հետո Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ նախորդ դատական նիստի նյութական կրիչը իրեն տրամադրելու համար:

Ընդմիջումից հետո փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Հայրապետյանը փորձում էի միջնորդություն ներկայացել՝ պնդելով, որ դատարանում բղավոցներ են լսել ու տեղեկություններ ունեն, որ Սեֆիլյանին և Սաֆարյանին բռնության են ենթարկում: Պահանջում էին իրենց պաշտպանյալներին նիստերի դահլիճ բերել, որպեսզի համոզվեն, որ ամեն ինչ կարգին է:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, սակայն, թույլ չէր տալիս փաստաբաններին հայտարարությամբ հանդես գալ:

Ընդմիջման ընթացքում փաստաբանների ու մեղադրյալների հարազատների ահազանգով դատարան մտան շտապ օգնության աշխատակցիները: Նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը եկավ ու որոշ ժամանակ անց փաստաբաններին փոխանցեց, թե Սեֆիլյանն ու Սաֆարյանը դատարանում բռնության չեն ենթարկվել:

Ավելի ուշ ՄԻՊ գրասենյակը տարածած հաղորդագրությամբ հայտնեց, թե «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել»:

Փաստաբանները պնդեցին նաև, որ մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանից, Հրայր Թոփչյանից, Հովհաննես Պետրոսյանից ու Գալուստ Գրիգորյանից բացի, նիստերի դահլիճ բերվեն նաև Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանն ու Ներսես Պողոսյանը:

Նախ դահլիճ բերվեց Գևորգ Սաֆարյանը, բայց ոչ թե փաստաբանների պահանջով, այլ որովհետև լրացել էր նախորդ նիստից նրան 3 ժամով հեռացնելու ժամանակը: Այնուհետև դահլիճ բերվեցին նաև Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը: Նրանց ապակե միջնորմից մյուս կողմում հավաքվածները դիմավորեցին ծափերով:

Մի քանի ընդմիջումներից հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանը սանկցիաներ էր կիրառում ոտքի չկանգնող ամբաստանյալների նկատմամբ:

Դատավորը Գևորգ Սաֆարյանին հարցրեց, թե արդյո՞ք առողջական խնդիրներով է պայմանավորված նրա ոտքի չկանգնելը:

«Իսկ ինչո՞ւ է այդ հարցը տրվում միայն ինձ, այլ ոչ թե նաև մյուս ամբաստանյալներին: Դուք որևիցե մեկից չեք ճշտում, թե ինչու չեն կանգնում», - արձագանքեց Սաֆարյանը՝ շարունակելով․ - «Ձեր տված հարցում չի ֆիքսվում անհարգալից վերաբերմունք ո՞ւմ [նկատմամբ]․․․ դատարանի՞, արդարադատությա՞ն, պետությա՞ն»:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ոտքի չկանգնելու համար զգուշացումներից հետո նախ նիստերի դահլիճից հեռացրեց Գալուստ Գրիգորյանին, հետո՝ Գևորգ Սաֆարյանին, իսկ հետո՝ Ժիրայր Սեֆիլյանին ու Ներսես Պողոսյանին․ վերջիններիս նիստերից հեռացրեց 10 ժամով:

Ընդմիջումից հետո դատավորը վերադարձավ և նկատեց, որ դահլիճում չէ փաստաբան Տիգրան Եգորյանը, ասաց, թե նա պատշաճ չի հիմնավորել բացակայության պատճառը: Կրկին ընդմիջում հայտատարեց Եգհրյանին նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը քննարկելու համար: Սա վերջին՝ 7-րդ ընդմիջումն էր:

Դատավորի՝ խորհրդակցական սենյակ հեռանելուց հետո դահլիճից հեռացան բոլորը՝ փաստաբաններն ու ապակուց այն կողմ նիստին հետևողները:

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռք բերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր: Այս գործով են անցնում նաև Ներսես Պողոսյանը , Գևորգ Սաֆարյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Հովհաննես Պետրոսյանն ուԳալուստ Գրիգորյանը:

XS
SM
MD
LG